Հովհաննես Սահակյանը շնորհավորել է Գինեսի ռեկորդակիր 99-ամյա Մարիա Տոնոյանին տոնական միամսյակի կապակցությամբ

Armenpress 18:24, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը մարտի 13-ին այցելել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց,  շնորհավորելու կենսաթոշակառու 99-ամյա Մարիա Տոնոյանին, տոնական միամսյակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին սոցիալական ապահովության պետական ծառայությունից, Մարիա Տոնոյանը Գինեսի գրքի ռեկորդակիր է:  Նա 80 տարի դասավանդում է հարմոնիա առարկան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ՝ Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նշել է, որ մանկավարժ լինելը առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն և նվիրում: Նա իր խորհին երախտագիտությունն է հայտնել տիկին Տոնոյանին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրել է երեխաներին, այն գիտելիքի համար, որ սերնդեսերունդ  փոխանցել է իր աշակերտներին:

Շնորհակալություն հայտնելով անակնկալ այցելության  համար՝ Մարիա Տոնոյանը ներկաներին խորհուրդ է տվել շատ մարզվել, հաճախ զբոսնել, շփվել հաճելի մարդկանց հետ և գնահատել գեղեցիկը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am