Երևանում մեկնարկել են գետերի և ջրանցքների հուների մաքրման աշխատանքները

Armenpress 17:17, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել են մայրաքաղաքի տարածքով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում գործընթացը կծավալվի Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Հիմնական նպատակը գարնանային տեղումների ընթացքում ջրի անարգել հոսքն ապահովելն է: Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է աղբավայրեր: Երևանի քաղաքապետարանի կողմից ամենամյա, առանձին դեպքերում տարին մի քանի անգամ իրականացվող գետերի և ջրանցքների հուների մաքրման աշխատանքները նաև սանիտարահիգիենիկ նշանակություն ունեն, քանի որ այս կերպ ամռան ամիսներին հարակից թաղամասերում կկանխվի հնարավոր տհաճ հոտի առաջացումը:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գետերի հուներ տարատեսակ թափոններ լցնելը կամ հարակից ափամերձ տարածքներում շինարարական ու կենցաղային աղբ թափելը կտրականապես արգելվում է, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Գետերի հուներին հարակից բնակելի թաղամասերի ողջ երկայնքով տեղադրված են աղբամաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am