Իսպանական կարտինգի առաջնությունում հայազգի փոքրիկը հայտնվել է լավագույն հնգյակում

Armenpress 14:00, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում մարտի 9-11-ը կայացած իսպանական կարտինգի առաջնությունում հայազգի Դանիել Դալլաքյանը հայտնվել է լավագույն հնգյակում: «Արմենպրես»-ի  հետ զրույցում Դանիելի հայրը՝  Էդուարդ Դալլաքյանը, ով նաև երեխայի մենեջերն է, նշեց, որ 25 մասնակիցների մեջ Դանիելն ամենափոքր մասնակիցն էր:

«Իսպանական կարտինգի առաջնությանը մասնակցում էին մինչև 12 տարեկան երեխաներ: Դանիելն ամենափոքրն էր, մի քանի օր առաջ է դարձել 9 տարեկան: Լարված պայքար էր ընթանում, ընթացքում որոշ խնդիրներ եղան, բայց հաղթահարելով, Դանիելը զբաղեցրեց 5-րդ տեղը` հայտնվելով լավագույն հինգ մասնակիցների ցանկում»,-ասաց Էդուարդ Դալլաքյանը: Նրա խոսքով, կարտինգը մինչև 16 տարեկանների շրջանում համարվում բարձրագույն առաջնություն, այն համարվում է «Ֆորմուլա 1»-ի դպրոցը:

Առաջիկայում ևս առաջնություններն են սպասվում: Այս ամսվա ընթացքում կկայանա Վալենսիայի կարտինգի առաջնությունը, իսկ մայիսին Իսպանիայի կարտինգի 2-րդ առաջնությունն է: Դանիելը ջանասիրաբար պատրաստվում է, շաբաթ, կիրակի օրերին վարում է մինչև 400 կմ: Էդուարդ Դալլաքյանը նշեց, որ մինչև տարվա վերջ այլ առաջնություններին մասնակցելու համար փնտրում են հովանավորներ:

Դալլաքյանների ընտանիքը Իսպանիա է տեղափոխվել 1996 թվականին: Դանիելը ծնվել և մեծացել է Իսպանիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am