Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը. ՀՀ Նախագահի ուղերձը

Armenpress 09:28, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։

«Սիրելի՛ կանայք,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ և գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում ձեր առջև:Սիրելի՛ կանայք,Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի զարգացման և ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն:Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի և երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր և բարօրություն»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նշված է ՀՀ Նախագահի ուղերձում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am