Շարմազանովը ՏԻՄ առաջիկա ընտրություններում լուրջ մրցակցություն չի սպասում

Armenpress 22:02, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 11-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լուրջ մրցակցություն չի ակնկալում, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը շարունակում են ձեռնպահ մնալ այդ ընտրություններին մասնակցելուց: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ որոշ համայնքներում, որտեղ բացի ՀՀԿ-ականներից առաջադրվել են նաև ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական թեկնածուներ, կարելի է մրցակցություն ակնկալել, սակայն հիմնական համայնքներում ընտրությունները մրցակցային չեն լինի: «Որոշ կուսակցություններ, որոնք խոսում են Հայաստանում ժողովրդավարության զարգացման, ընդդիմության ձայնը լսելի դարձնելու մասին, ձեռնպահ են մնում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա կարծիք հայտնեց, որ առանց ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցելու դժվար է խոսել բազմակարծության, ընդդիմադիր քաղաքական ուժերի կայացման մասին: «Շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան ՏԻՄ ընտրություններին»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am