Առողջապահության նախարարությունը հուսալի է համարում Էլեկտրոնային առողջապահական համակարգի անվտանգությունը

Armenpress 21:12, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է Գյումրու մի խումբ ստոմատոլոգների կողմից էլեկտրոնային առողջապահական համակարգի անվտանգության կապացությամբ բարձրացված հարցին։

«Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ «Գյումրու մի խումբ ստոմատոլոգների կողմից էլեկտրոնային առողջապահական համակարգի անվտանգության կապացությամբ բարձրացված հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք հետևյալը։

Համակարգի նախագծման և մշակման գործընթացին մասնակցել են ինչպես ՀՀ պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչները և մասնագետները, այնպես էլ Համաշխարհային բանկի էլեկտրոնային  առողջապահական ոլորտի փորձագետները: Էլեկտրոնային առողջապահական համակարգում տվյալների հասանելիության, իրավասությունների տրամադրման գործընթացները և մեխանիզմները ներդրվել են լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով աշխարհում առկա առաջադեմ անվտանգության, ինչպես նաև տվյալների պաշտպանության փորձը՝ առաջնորդվելով ISO/IEC 29100 և ISO 27001 ստանդարտներով։

Էլեկտրոնային առողջապահական համակարգը ՀՀ կառավարության կողմից ձեռք է բերվել Էրիքսոն (Ericsson) միջազգային հայտնի ընկերությունից, որն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ոլորտում շուրջ 140 տարվա փորձ ունի։

Համակարգի մուտքը օգտատերերի համար կատարվում է օգտագործելով միմիայն խիստ նույնականացման մեխանիզմներ. անհատի խիստ նույնականացումը կատարվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված նույնականացման քարտի միջոցով ՀՀ միակ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հանրային բանալիների ենթակառուցվածքի (PKI) ծրագրային և ապարատային գործիքների կիրառմամբ՝ տվյալ անձի համար նախկինում անհատապես թողարկված հավաստագիրը տվյալ անձի ինքնության հետ հստակ նույնականացնելու ավտոմատացված գործընթացով:

Հավելենք, որ էլեկտրոնային առողջապահական համակարգ մուտք գործելու դեպքում քաղաքացու համար հասանելի է բացառապես իր անձին մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Գյումրիի ստոմատոլոգների բարձրացրած մյուս հարցերի պարզաբանումներն` առաջիկայում»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am