ՀՀ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Չեխիայի քաղաքացի աղջկա նկատմամբ սեքսուալ բռնություն կատարելու համար

Armenpress 19:14, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ. մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել առ այն, որ մարտի 1-ին մի երիտասարդ  փորձել է բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1994 թվականին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, օտարերկրացի 28-ամյա աղջիկը Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորվել է և հայտնվել ամայի դաշտում, որտեղ նրան է մոտեցել մի երիտասարդ և օգտվելով շրջակա տարածքում մարդկանց բացակայությունից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ:

 Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am