Տնտեսական աճի տեմպերի ավելացման դեպքում չի բացառվում դեպի վերև ճնշում տոկոսադրույքների վրա. մասնագետ

Armenpress 15:17, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական աճով պայմանավորված ակտիվացումը զսպելու է վարկային տոկոսադրույքների անցած տարի նկատված նվազման միտումը: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բանախոսը նկատեց, որ տոկոսադրույքների մակարդակի վրա ազդող չորս հիմնական գործոններից երկուսը մնացել են անփոփոխ, մյուս երկուսը փոփոխվել են և կարող են տոկոսադրույքների կայունացման ու դեպի վերև բարձրացման խթան լինել:

Այդ գործոններն են տնտեսական աճի տեմպերը, բանկային համակարգում կոնսոլիդացիայի զարգացման միտումները, միջազգային տոկոսադրույքների փոփոխություններն ու Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը: «Կարող ենք ֆիքսել, թե յուրաքանչյուր գործոնի առնչությամբ ինչ փոփոխություններ են արձանագրվել: Տնտեսական աճի գծով առկա է ակտիվություն, որը, ըստ էության, տոկոսադրույքների` անցած տարի նկատված նվազման միտումները զսպելու է: Եթե տնտեսական աճի տեմպերն ավելի ակտիվանան, չի բացառվում, որ դեպի վերև որոշակի ճնշումներ առաջացնեն, որովհետև բանկային համակարգում նաև կապիտալիզացիայի առումով այս պահին մեծ բուֆերներ առկա չեն: Կապիտալիզացիայի առումով էական փոփոխություններ չկան, ինտենսիվացում չի նկատվել»,-ասաց Արման Բարսեղյանը: Ինչ վերաբերում է  միջազգային տոկոսադրույքներին, ապա դրանց բարձրացման միտումը շարունակվել է: Դրամավարկային քաղաքականության առումով ևս, ըստ մասնագետի, էական փոփոխություններ չկան: Արման Բարսեղյանի դիտարկմամբ`այս պայմաններում, ամենայն հավանականությամբ, տոկոսադրույքների հետագա անկում չպետք է ակնկալել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am