Արհմիությունների պետական գրանցման վերջնաժամկետները կրճատվում են

Armenpress 19:14, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման, գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ տեղեկությունների փոփոխման վերջնաժամկետը 5 աշխատանքային օր է, իսկ արհմիությունների պետական գրանցման եւ կանոնադրությունում փոփոխությունների վերջնաժամկետը՝ 10 աշխատանքային օր:

«Այսօրվա դրությամբ առավելագույն ժամկետները 30 օր են սահմանվել: Օրինագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում առևտրային կազմակերպությունների պետական գրանցման ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ, որի մասին նշվել է Doing Business 2017 զեկույցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am