1000х90.jpg (78 KB)

Հայաստանն ու Մեքսիկան նոր համաձայնագրով խրախուսում են ներդրումների իրականացումը

Armenpress 17:49, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց  Հայաստանի և Մեքսիկական Միացյալ Նահանգների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ նախագծով սահմանված են Հայաստանի և Մեքսիկայի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: «Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի պետության ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:

Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման և համապատասխան փոխհատուցումների, հնարավոր վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Նախագծի առանձին հոդվածով սահմանված են նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման պայմանները, ինչպես նաև համաձայնագրի կիրառումը:

Ելնելով վերոհիշյալից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am