1000х90.jpg (78 KB)

Ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի հայտարարագրումն իրականացվելու է միասնական էլեկտրոնային հարթակում

Armenpress 17:38, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հայտարարեց Trade.gov.am միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման մասին: Նա նշեց, որ գործող կարգավորումների համաձայն ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները, մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը, պարտավորվում են ըստ ապրանքի տեսակի մի շարք մարմինների ներկայացնել պահանջվող փաստաթղթեր։

«Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարությամբ և որոշակի տևողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացն, ըստ մարմնի, ևս տարբերվում է, ժամանակատար է և առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար, այդ թվում գործընթացի կանխատեսելիության տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների, Գյուղատնտեսության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Բնապահպանության և Առողջապահության, նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց և Առևտրաարդյունաբերական պալատի նախագահին առաջարկեց 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի նախնական հայտարարագրման և ուսումնասիրման փուլը, արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների, անհրաժեշտ ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային՝ Trade.gov.am հարթակի միջոցով իրականացնելու վերաբերյալ, նախատեսելով պետական մարմինների գործունեության հանրամատչելի և պարզեցված կարգով իրականացման երաշխիքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am