Բոլոր գնումներում ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ. Կարեն Կարապետյան

Armenpress 17:37, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ որոշ ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայմանը: Վարչապետը հիշեցրեց, որ 2018 թվականի հունվարի 18-ի կառավարության նիստի ընթացքում անդրադարձ էր կատարվել 2017 թվականը 2016 թվականի համեմատությամբ՝ պետական գնումների և կատարված աշխատանքների գործընթացներում մեկ միավորի գնի փոփոխության վերլուծության հարցին։

«Ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում արձանագրվել են թերություններ, մասնավորապես՝ ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների տեխնիկական բնութագրերի, չափման միավորների տարբերություններ և շեղումներ, ինչպես նաև՝ որոշ ապրանքների փաստացի ձեռքբերման միավորի գնի և պլանավորվածի միջև անհամապատասխանություններ։ Չնայած հիմնականում ապրանքի փաստացի ձեռքբերման գինը պլանավորված գնի համեմատությամբ հանգեցնում է  խնայողություն, սակայն նշվածը հանդիսանում է ոչ հստակ, ոչ ամբողջական պլանավորման արդյունք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Ֆինանսների նախարարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում քննարկելով Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ՝ մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել  հիմնական սպառման 20-ից 30 ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրեր։ 1-ամսյա ժամկետում՝ մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռքբերվող ապրանքի, բացառությամբ դեղամիջոցների՝ մեկ միասնական չափման միավոր: 2-ամսյա ժամկետում՝ Առողջապահության նախարարի հետ համատեղ մշակել և կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավոր։

Հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվեց գործնականում ապահովել ապրանքների և ծառայությունների պլանավորումն ըստ վերջնական սպառման կոնկրետ ապրանքների, այլ ոչ թե ապրանքախմբերի, իսկ գնումները պլանավորելիս առաջնորդվել Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ուղենիշային բնութագրերով և չափման միավորներով:

«Մենք 2017թ. ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ, մյուս կողմից այն բյուջեներում, որոնք պլանավորում ենք ըստ նախարարությունների,  ունենք ավելցուկ գումարներ: Բայց իրական պատճառը ոչ թե խիստ խնայողական ձեռքբերումներն են, չնայած դրանք էլ կան, այլ պլանավորելիս շատ ենք նախատեսում և այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա: Չնայած ֆիքսում եմ, որ տենդերներով անցած գնումների արդյունքում  մենք պրակտիկորեն բոլոր նախարարություններում, գերատեսչություններում գնումների մեջ ունենք նվազեցում»,- նկատեց Կարեն Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am