Լևոն Ալթունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Armenpress 16:39, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ (Գևորգ) Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը։

Շնորհավորելով Լիոնի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ` նախարարը պատրաստակամություն է հայտնել Լիոն քաղաքի հետ ավանդական բարեկամության հիմքի վրա սերտացնելու առողջապահության ոլորտում համագործակցությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Գևորգ Քեփենեկյանը վերհիշել է դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Հայաստան կատարած բազմաթիվ  այցերը, առողջապահության ոլորտին ցուցաբերած աջակցությունը։

Ներկայացնելով Հայաստանի առողջապահության ոլորտում վերջին մեկ ու կես տարում իրականացվող բարեփոխումները` Լևոն Ալթունյանը մասնավորապես անդրադարձել է էլեկտրոնային առողջապահական միասնական համակարգի ներդրման, օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի  մշակման և ներդրման, ֆինանսավորման կատարելագործման, բժշկական պարտադիր ապահովագրական համակարգին անցնելու նախապայմաններ ստեղծելու և այլ ծրագրերի ընթացքին։

Լիոնի քաղաքապետը և պատվիրակության անդամները ներկայացրել են Ֆրանսիայում և Լիոնում առողջապահական, գիտաբժշկական և կրթական ոլորտի նորարարական ձեռքբերումները։  

Այնուհետև քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am