Սիդորովը վստահ է՝ վտանգի պահին ՀԱՊԿ-ը կկատարի Հայաստանի նկատմամբ պարտավորությունները
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիները կարող են համոզված լինել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անհրաժեշտության դեպքում նրանց դժբախտության մեջ չի թողնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի շրջանակում այս մասին հայտարարեց ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ անդրադառնալով հայ լրագրողի հնչեցրած հարցին Իլհամ Ալիեւի՝ Երեւանի նկատմամբ նկրտումների մասին վերջերս արած հայտարարության մասին:
«Սկսեմ նրանից, որ Արցախը սուբյեկտ է, որը չի համարվում ՀԱՊԿ անդամ։ Հայաստանը համարվում է ՀԱՊԿ անդամ, և հետևաբար, այդ կազմակերպության շրջանակներում եղած բոլոր որոշումները, փաստաթղթերը վերաբերում են նաև Հայաստանին»,- ասաց նա՝ միաժամանակ նկատելով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բավականին լարված են, բայց ոչ այնքան, որ երկու երկրները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»:
Նա նաեւ նշեց, որ 2018 թվականը խորհրդանշական է, քանի որ այս տարի ՀԱՊԿ Միավորված շտաբի 15-ամյակն է: Նրա խոսքով՝ շտաբը այս տարիներին կարողացել է դառնալ մի կառույց, որը ունակ է արդյունավետ կերպով արձագանքել ռազմական անվտանգության ժամանակակից մարտահրավերներին, ունենալ կայունացնող դեր Արեւելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:
«Համոզված եմ, որ կազմակերպությունը եւ շտաբը կկարողանան հետագայում եւս հաջողությամբ ապահովել անդամ պետությունների ռազմական անվտանգությունը եւ ինքնիշխանությունը»,-եզրափակեց նա: