Վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրելու իր ենթակայության տակ գտնվող մարմինների գործունեության համար. Դավիթ Հարությունյան

Armenpress 15:57, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողության ծառայությունը պետք է գործեն ՀՀ ապագա վարչապետի ենթակայության տակ:

Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցին, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ նման որոշում է կայացվել, որպեսզի լինի ակնհայտ, ընդգծված քաղաքական պատասխանատվություն այդ մարմինների գործունեության համար: «Ես արդեն ասել եմ, որ քաղաքականությունը պետք է տարվի այն ուղղությամբ, որ, բացի տեսչական մարմիններից, բոլոր մարմինները ենթակա լինեն այս կամ այն անձի անհատական պատասխանատվության տիրույթում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկման հետ, թե Հայաստանը դառնալու է սուպերվարչապետական պետություն: «Երբ մենք խոսում ենք պատասխանատվության մասին, սուպերվարչապետական համակարգի մասին խոսելն ավելորդ է: Հակառակը՝ մենք խոսում ենք պատասխանատվության բարձր աստիճանի մասին» ,- նշեց Հարությունյանը:

Անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը՝ Դավիթ Հարությունյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոնք ամրագրել են շատ հետաքրքիր դրույթներ, որ նախարարների կոմունիկացիան ևս չի կարող հրապարակվել: «Ամենավառ օրինակը Միացյալ Թագավորության փորձն է, որը ես խորհուրդ կտամ ուսումնասիրել»,- ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am