1000х90.jpg (78 KB)

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի պատվիրակությանը

Armenpress 16:54, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մարտի 5-ին ընդունել է ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի պատվիրակությանը՝  քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը  երախտագիտություն է հայտնել Ռիչարդ Մալիեին` Ասկերան քաղաքի հետ  ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հարցում  սկզբունքային և հետևողական  դիրքորոշման համար։

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը Արցախի Հանրապետության՝ միջազգային կապերի զարգացմանն ուղղված քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է  Արցախում ֆրանսախոսության զարգացման կարևորությունը՝  ֆրանսերենին  և ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելու համար պայմանների ստեղծման տեսանկյունից:

Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել՝  ընդլայնելու երկու ժողովուրդների միջև հարաբերությունները։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության գործնական ասպեկտների և  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման վերաբերյալ:

Ասկերանի և Բուկ-Բել-Էրի միջև բարեկամության հռչակագիրը  ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 19-ին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am