1000х90.jpg (78 KB)

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Armenpress 10:45, 4 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Ադրբեջանի զինուժը  փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ կրակ է բացել հայկական դիրքերի և գյուղերի վրա: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Իրավիճակը ներկայում հանգիստ է, ոչ մի լուրջ վնաս, վիրավորներ, տուժածներ չկան: Հիմնականում կիրառվել է հրաձգային զենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

Աշխարհասփյուռ հայությունն այս օրերին նշում է Սումգայիթում հայերի զանգվածային կոտորածների 30-ամյա տարելիցը և ոգեկոչում ջարդերին զոհ գնացած հայորդիների հիշատակը: 1988թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի ունեցավ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդ և տեղահանություն, որն ուղեկցվում էր հայ բնակչության ունեցվածքի թալանով: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ Սումգայիթի կոտորածներին զոհ է գնացել մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ հազարից ավելի մարդ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզվել են:  Այս օրերին սկիզբ առած դեպքերից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքները լքել է մոտ 500 հազար հայ: Նրանցից մոտ 400 հազարը հաստատվել են Հայաստանում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցվեց Սումգայիթի զոհերի հիշատակին: Անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ դրվեց ՀՀ Նախագահի անունից: Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 30 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված կոտորածներին զոհ գնացած հայորդիների հիշատակը։

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած հերթական խորհրդարանական քառօրյա նիստի ընթացքում քննարկման դրվեց  եւ միաձայն ընդունվեց բոլոր խմբակցությունների կողմից հեղինակված «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է հայտարարություն Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ:

Մարնեուլում ադրբեջանցիների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի տրվել մասնակից երիտասարդներից մեկի սադրանքին, ով խնդրել էր նախագահին մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական հերթական զավեշտի՝ «Խոջալուի իրադարձությունների զոհերի» հիշատակը: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ մեկ րոպե լռության արարողություն տեղի չի ունեցել, փոխարենը Մարգվելաշվիլին նշել է, որ հետևում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: «Վրաստանը դեմ է ԼՂ հակամարտության էսկալացմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է երկու նոր նախագիծ: Հանրությանն են ներկայացվում «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքը և «Սումգայիթ. սպանված սերունդ» ֆիլմը:

Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպական Խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ:

Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները սումգայիթյան ողբերգության 30-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:

Հայոց ցեղասպանության դատապարտում

 «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամը խորը հիասթափություն է հայտնել Կնեսետի կողմից այս ամսվա սկզբին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը մերժելու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  The Jerusalem Post-ը, հիմնադրամը նամակ է հղել Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնին:

Եգիպտոսի խորհրդարանի Պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնախմբի նախագահի տեղակալ Յահիա Քիտվանին եւ Արտաքին հարաբերությունների հանձնախմբի քարտուղար Թարեք Խուլին կրկին արծարծել են 1915 թվականի հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը: Երկու պատգամավորները վկայակոչել են Նիդերլանդների խորհրդարանի օրինակը եւ Եգիպտոսի խորհրդարանից պահանջել են նմանօրինակ որոշում:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Հայաստան և աշխարհ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նախագահը հակիրճ անդրադարձել է տարածաշրջանում ապահով ու համերաշխ ապագա կերտելու տեսլականով իր նախաձեռնությամբ սկիզբ դրված` առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրանից հետո տեղի ունեցած զարգացումներին. Նախագահ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը։ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում, Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ և 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց: «Հաշվի առնելով մեր համաձայնությունը այս հարցում՝ ես նիստից հետո անմիջապես կստորագրեմ հրամանագիր այս ընթացակարգը դադարեցնելու մասին: Խնդրում եմ արտաքին գործերի նախարարին՝ մեր այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից հետո այդ արձանագրություններով ստանձնած որևէ պարտավորություն մեզ համար իրավական որևէ նշանակություն չի ունենալու»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը։

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Վրաստանի իր գործընկերոջն օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: 

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայ-վրացական քաղաքական հարաբերությունները բարձր է գնահատում: Այդ մասին Կվիրիկաշվիլին նշեց ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցություններն ամփոփելիս: «Վրաստանին և Հայաստանին կապում են բազմադարյա բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները, սա է այն հիմքը, որի վրա մենք կարողացել ենք նոր տիպի միջպետական հարաբերություններ հաստատել: Մենք ուրախ ենք, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով: Անցած տարի մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը, հենց այս տարիների ընթացքում հնարավոր դարձավ վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերություն զարգացնել մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև»,-  ասաց Վրաստանի վարչապետը: Կարեն Կարապետյանը նշել է. «Պետք է ֆիքսեմ, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր, ինչպես միշտ, մեր հանդիպումն անցել է շատ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Մենք քննարկել ենք և՛ մեր երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային: Խոսել ենք մեր համագործակցության հնարավոր ուղղությունների մասին, դա Մեղրու ազատ տնտեսական գոտին է, պայմանավորվել ենք ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, շատ մանրամասն խոսել ենք զբոսաշրջության, առողջապահության մասին»։

Հայաստանն ու Իրանը դեռևս լիովին չեն օգտագործել երկկողմ համագործակցության առկա ներուժը, ինչը ցանկանում են լրացնել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների 15-րդ նիստի արդյունքում: Այս մասին Երևանում հայտարարեցին նիստի համանախագահներ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Նիստի օրակարգում հարցերի լայն շրջանակ է եղել` էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնապահպանության, գյուղատնտեսության, բանկային և ապահովագրական համակարգի, առողջապահության,  կրթության և այլ ոլորտներից:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին, որին մասնակցում էին շուրջ մի քանի տասնյակ երկրների արտգործնախարարներ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել էայս տարի նշվող երկու կարևոր հոբելյաններին՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակներին՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար փաստաթղթի դրույթներն այսօր էլ խախտվում են աշխարհի շատ մասերում։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Դեսպանը հանգամանալից ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Համայն կաթոլիկների առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանում առաքելական նվիրակ է նշանակել: Սուրբ Հայրը նշանակել է Նորին Գերազանցություն գերաշնորհ Ժոզե Ավելինու Բետանկուրին Հայաստանում առաքելական նվիրակ, Չիտանովայի արքեպիսկոպոս:

Հեղինակավոր Financial Times պարբերականի fDi Intelligence ծառայության կողմից Երևանն արժանացել է «ԷֆԴիԱյ Ապագայի զբոսաշրջային ուղություններ 2017/18 - «Խմբագրի ընտրություն»» մրցանակին (fDi Tourism Locations of the Future 2017/18 - Editor’s Choice Awards)՝ «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում:

Արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները մարտի 1-ից պետք է պարտադիր ապահովագրվեն

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը՝ 7.5 տոկոս: Վերջին 10 տարում այն ամենաբարձրն է:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ` քննարկելու և ամփոփելու 2017թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները: Հանրապետության Նախագահը կարևորել է տնտեսական և սոցիալական ոլորտների արդյունքների պարբերական վերլուծությունը տնտեսական քաղաքականության մշակման, ճշգրտման և բարելավման համար:

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիայի թատրոնում տեղի ունեցավ ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակների արժանացան 2017թ. ընթացքում երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած գործիչները, կառույցները, երիտասարդական ծրագրերի հեղինակները: Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ: «Հայ դիվանագետներից մեծ են ակնկալիքները՝ մեր երկրի խաղաղ և կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդման և մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման ջանքերում։ Մենք դեռ շատ անելիք ունենք՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման և Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ»,- նշել է ՀՀ Նախագահը։

ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության  նախագահ Սերժ Սարգսյանն  Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև սեմինարին մասնակցած՝ Արցախի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք: Հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը նաև պարգևներ է հանձնել ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին։

ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ ընտրեց ՀՀ 4-րդ նախագահին: ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր: Արմեն Սարգսյանը խոստանում է իր կյանքի մեծ փորձն ու գիտելիքները ծառայեցնել ՀՀ քաղաքացիներին և ողջ ժողովրդին ծառայելուն: Խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրության քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ակնկալում է պատգամավորների և ողջ հայ ժողովրդի աջակցությունը: «Ակնկալում եմ նաև ձեր և մեր ժողովրդի աջակցությունն ու մասնակցությունը մեր ապագա բոլոր հաղթանակներին, որոնք լինելու են ի շահ մեր պետության և մեր ժողովրդի»,-  ասաց Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, ով Սահմանադրության համաձայն պաշտոնը կստանձնի Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին´ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները և ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը: Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան  Նազարբաեւը անձամբ իր եւ ղազախ ժողովրդի անունից շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին:

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Խորհրդարանն ընտրեց Բարձագույն դատական խորհրդի 5 անդամի: Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր 5 անդամները խորհրդարանի ամբիոնից հանդիսավոր երդում տվեցին՝ ստանձնելով իրենց պաշտոնը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով: Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որոշումը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Վարչապետ Կարեն Կարապետյանն  այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Կառավարությունը հավանություն տվեց «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ արդյունքում նախատեսվում են մոտեցումներ, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և կխթանեն տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը:

Հայաստանում գրանցված որպես դեղատոմսով դուրս գրվող դեղերի մի մասը մարտի 1-ից մեր երկրում բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Դրանք են` հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը։ ՀՀ առողջապահութփյան նախարարությունը ներկայացրել է առանց դեղատոմսի տրվող դեղերը` ըստ դեղաբանական խմբերի։ 

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում ապօրինի զենք-զինամթերք կա։ Հարուցված քրեական գործի շրջանակում տունը խուզարկվել է։

Տարբեր տեսակի նռնակները, նռնակների պայթուցիչները, պայթուցիկ լիցքերը, դետոնատորներիը, շշերով վառոդները, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարքը, ատրճանակը, ինքնաձիգը, տարբեր տեսեակի հրազենների փողերը, խլացուցիչները, պահեստատուփերը, տարբեր տրամաչափի 800-ից ավելի փամփուշտներն ու զինամթերքի այլ տեսակները թաքցված են եղել գազաբալոնում: Հարուցվել է քրեական գործ և ձերբակալվել է 56-ամյա մի տղամարդ: Ձերբակալված անձը Գնել Հովհաննիսյանն է, ով  նախկինում դատապարտված է եղել ոչ ավելի ոչ պակաս ԱԱԾ-ի կողմից Նորքում վնասազերծված զինված խմբի գործով։

Հելլենիստական և անտիկ Հայաստանի ապակեգործության տեխնիկական նվաճումները, մեծ փորձն ու ավանդույթները որակական նոր դրսևորումներով կյանքի կոչվեցին Միջնադարյան Հայաստանում, որի խոշորագույն կենտրոնն էր Դվինը: Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը պատմեց Դվինից հայտնաբերված ապակե գավաթե մասին:

Սփյուռք

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Միացյալ Նահանգներում հատուկ հյուրընկալման է արժանացել ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփի, այլեւ՝ ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից: Նա Վաշինգտոն էր ժամանել իր երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պաշտոնական պատվիրակության կազմում: «Ես ներկայացնում եմ մեր երկրի ամենամեծ նահանգը, բայց երբեք չեմ մոռանա, ամեն օր հայությունս կզգամ», - ասել է Գլեդիս Բերեջիկլյանը, ով Վաշինգտոնում գտնվող Արամյան տանը իր կյանքի ճանապարհի մասին է պատմել երիտասարդներին:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Ստամբուլի  նահանգապետարանի կողմից Պոլսո հայոց պատրիարքի ընտրության դադարեցված գործընթացը վերսկսելու նպատակով ստորագրահավաք է նախաձեռնել՝  «Պատրիարքական ընտրություններ հենց հիմա» վերտառությամբ: «Աշխարհում 12 մլն հայ կա և բոլորն էլ ծագումով  Անատոլիայից են: Նրանք նայում են Պոլսո պատրիարքարանին, սակայն  այս պահին ստատուս քվոն ուժերի ձեռքում պատանդի կարգավիճակում է»,-ասել է Փայլանը:

Թուրքիայի բարձրագույն վարչական դատական մարմինը՝ Պետական խորհուրդը չեղյալ է համարել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման մասին Նախարարների խորհրդի որոշումը: Պետական խորհուրդն արձանագրել է, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին մշակութային ժառանգություն է, որը պետք է առնվի պաշտպանության տակ: Բացի այդ, որոշման մեջ նշվել է, որ այն բաց է կրոնական արարողությունների համար և որ թուրք-քրդական բախումներից մեծապես տուժած եկեղեցին պետք է մոտ ժամանակներս վերանորոգվի:

Միջազգային խճանկար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն Է հայտնել Սիրիայի իրադրության կապակցությամբ: «Սիրիայի հարցում նախագահ Մակրոնն ընդգծել Է այն բանի շտապ անհրաժեշտությունը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին համապատասխան անհապաղ եւ ամբողջությամբ կատարվեն մարտական գործողությունների դադարեցմանը վերաբերող դրույթները, որպեսզի դրանով իսկ վերջ դրվի համատարած ռմբահարվածներ հասցնելուն եւ թույլ տրվի շտապ կարգով՝ արդեն առաջիկա ժամերին կամ օրերին մարդասիրական օգնություն հասցնել եւ վիրավորների ու հիվանդների տարհանում իրականացնել»,-ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մանկահասակ երեխային «հանուն երկրի զոհելու» պատրաստակամության համար: «Սա ինչ անխղճություն է: Իսկ ծափերը… Զանգվածային խելացնորությունը շարունակվում է»,- գրել է հայ պատգամավորը՝ կիսվելով կատարվածի տեսանյութով:

Եվրահանձնաժողովը հրապարակել Է Եվրամիության (ԵՄ) կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագիծը բովանդակում Է դրույթներ, որոնք «սպառնում են Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը: Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում հայտարարել Է վարչապետ Թերեզա Մեյը:

Մշակույթ

Կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնից: Ալբերտ Մկրտչյանը մահացել է փետրվարի 28-ի առավոտյան՝ երկար հիվանդությունից հետո։ Փետրվարի 27-ին լրացել էր ռեժիսորի 81-ամյակը։ Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Մկրտչյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, hայ կինոարվեստի երախտավոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ: Ալբերտ Մկրտչյանի կինոմտածողությունը հավերժ ապրելու է սերունդների սրտերում և հոգիներում: Ռեժիսորի վերջին հրաժեշտի արարողությանն այսպես ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Արվեստասեր հասարակայնությունը Ալբերտ Մկրտչյանին վերջին հրաժեշտը տվեց մարտի 2-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Հուղարկավորությունը տեղի ունեցավ Երևանի քաղաքային պանթեոնում: 

Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ռիգայի ամենահին Սբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառում, որին Լատվիայի ռադիոյի երգչախումբը և «Սինֆոնետա Ռիգա» նվագախումբը հանդես են եկել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` Գրեմմիի մրցանակաբաշխությանը ներկայացված «Ռեքվիեմի» կատարմամբ: Համերգին ներկա շուրջ 600 ունկնդիրները հոտնկայս են ընդունել բարձր կատարողականությամբ օժտված «Ռեքվիեմի» մեկնաբանությունը:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը, ով կկատարի «Քամի» երգը:

Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» ապակենկարը, որը երկար տարիներ եղել է Մոսկվայում, առաջին անգամ մեկ շաբաթով ցուցադրվում է Երևանում: Արվեստասերները այն տեսնելու հնարավորություն ունեցան նկարչի ծննդյան օրը` փետրվարի 28-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Այն կներկայացվի մինչև մարտի 7-ը:

Սպորտ

23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում հաղթեց Նորվեգիան: Նորվեգացիները 17 օրյա պայքարից հետ նվաճեցին 14 ոսկե, 14 արծաթե և 11 բրոնզե մեդալներ՝ ընդհանուր 39 մեդալ:

2020 թականի Տոկիոյի Ամառային Օլիմպիական խաղերի եւ Պարալիմպիական խաղերի պաշտոնական թալիսմաններ են ընտրվել ճապոնական անիմե ոճով պատրաստված ֆիգուրները՝ համապատասխանաբար կապույտ եւ վարդագույն վանդակավոր նախշով:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի միջազգային մրցաշարում: Սլավիկ Գալստյանը գետնեց (տուշե) ուկրաինայի ներկայացուցչին և դարձավ բրոնզե մեդալակիր։

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել:

Դնեպր քաղաքում բնակվող բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է ուկրաինացի աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։ WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթելե է ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձավ գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելով Ալբանիայի ընտրանուն՝ հաղթեց 84։65 հաշվով։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը դարձել է Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր:

 «Աէրոֆլոտ Օփեն»-ի դասական շախմատի մրցաշարի ավարտից հետո Մոսկվայում տեղի ունեցավ նաև կայծակնային շախմատի մրցաշարում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վաստակեց 14 միավոր և Հիկարու Նակամուրայի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am