Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, քաղաքական նոր մշակույթի ձևավորում. Կարեն Բեքարյանն անդրադարձել է Արմեն Սարգսյանի ելույթին

Armenpress 16:35, 3 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր լիազորություններով նախագահի ինստիտուտը Հայաստանում նոր մշակույթ է: Այսպիսի իրավիճակներում շատ կարևոր է, թե ինչպիսի մեկնարկ այն կունենա: Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ այդ մեկնարկն է հետո ստեղծելու մշակույթ, ավանդույթներ, քաղաքական ինստիտուտին տալու իր դերն ու նշանակությունը:

Նրա խոսքով, նոր լիազորություններով նախագահի ինստիտուտի վերաբերյալ եղած կարծիքները բավական ծայրահեղ են: Մի կողմից կա թերահավատություն նախագահի հնարավորությունների վերաբերյալ, մյուս կողմից լուրջ մրցակցային որակներ են վերագրում: Այնինչ իրականությունը այդ երկուսի մեջտեղում է:

«Նորընտիր նախագահի ելույթից մի քանի կարևոր շեշտադրումներ առանձնացնեմ: Դրանցից առաջինը, նրա կողմից մատնանշելն է, որ նախագահի ինստիտուտն էական դեր է ունենալու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հարցում: Կարո՞ղ  է նախագահի ինստիտուտը միասնականության գործում լուրջ դերակատարություն ունենալ, կարծում եմ, այո: Որքանո՞վ կգործի այդ հնարավորությունը, միայն նախագահի անձից չէ կախված, այլ բոլորից»,-ասաց Կարեն Բեքարյանն` ընդգծելով, որ հանրությունը, քաղհասարակությունը մեծ անելիք ունի:

Նորընտիր նախագահի ելույթի կարևոր շեշտադրումներին Կարեն Բեքարյանն առանձնացրեց դիտարկումներն արտագաղթի, դեմոգրաֆիայի, սոցիալական արդարության մասին: Կարեն Բեքարյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանը շեշտադրել է նաև քաղաքական նոր մշակույթի ձևավորման խնդիրը:

«Իրականում, ամենակարևորն այն է, թե յուրաքանչյուրս ինչ ձևով կկարողանանք մեր նպաստը բերել այդ ինստիտուտի հնարավորինս լիարժեք կայացմանը, հետագայում մեր սերունդներն այդ ինստիտուտից բխող ողջ արդյունավետությունը կզգան իրենց մաշկի վրա», -ասաց նա:

Լրագրողների այն հարցին, որ «ԵԼՔ» դաշինքի պատգամավորները կասկածի տակ դրեցին նախագահի ընտրության օրինականությունը, մասնավորապես՝ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չլինելու հանգամանքը, Կարեն Բեքարյանը նշեց, որ ԱԺ-ում  տեսել է այն տեղեկանքը, համաձայն որի՝ Արմեն Սարգսյանը վերջին վեց տարում բնակվել է ՀՀ-ում եւ ՀՀ քաղաքացի է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am