1000х90.jpg (78 KB)

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելուն

Armenpress 18:50, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պատմական բնույթ ունեն, որոնք ամրապնդված են երկկողմ փաստաթղթերով:

«Դրա համար մենք ելնում ենք նրանից, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն լինել այնպիսին, ինչպես դրանք ամրագրվել են երկկողմ փաստաթղթերով և բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, բանակցությունների ընթացքում` առաջին հերթին ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերի և բարօրության սկզբունքից»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ այդ բարձր պաշտոնում Արմեն Սարգսյանի գործունեությունը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը և եվրասիական ինտեգրացիայի խորացմանը` ի շահ երկու եղբայրական ժողովուրդների:

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀ նախագահի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփումից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը գումարվում է գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը: Հետևաբար, ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին»,- նշեց Բաբլոյանը:

Նա տեղեկացրեց, որ հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկով, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ: «Խորհրդի նիստի որոշումը ձեզ հետագայում կտրամադրվի»,- եզրափակեց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապրիլի 9-ին, երբ կավարտվեն գործող նախագահի լիազորությունները և նոր նախագահը կստանձնի իր լիազորությունները, հրաժարական կներկայացնի նաև ՀՀ կառավարությունը:

ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am