Թրամփը ոչ մի վատ բան չի տեսնում առեւտրական պատերազմներ մղելու մեջ

Armenpress 17:56, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում Է, որ մյուս պետություններւ հետ առեւտրում վնասներ կրելու պայմաններում կարելի Է եւ հարկավոր Է առեւտրական սահմանափակումներ կիրառել երկրի բարօրության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա մարտի 2-ին գրել Է Twitter-ում: «Երբ երկիրը միլիարդավոր դոլարներ Է կորցնում գործնականում յուրաքանչյուր պետության հետ առեւտրում, առեւտրական պատերազմները բարիք են, դրանցում դյուրին Է հաղթելը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Մարտի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իր երկիրը հաջորդ շաբաթ ներմուծման մաքսեր կսահմանի պողպատի եւ ալյումինի համար: Նրա խոսքով՝ մաքսերի չափը կկազմի պղնձի համար 25 տոկոս եւ ալյումինի համար 10 տոկոս այն բոլոր երկրների համար, որոնք այդ արտադրանքը մատակարարում են ԱՄՆ-ին: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մարտի 1-ի երեկոյան հայտարարել Է, որ ի գիտություն Է ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բարձրացված մաքսի տեսքով պողպատի եւ ալյումինի ներմուծման սահմանափակումներ մտցնելու մասին:

«Մենք շատ ենք ափսոսում այդ քայլի համար, որն, ինչպես երեւում Է, ԱՄՆ-ի սեփական արդյունաբերությունը պաշտպանելու նպատակ հետապնդող բացահայտ գործողություն Է եւ չի արդարացվում ազգային անվտանգությամբ»,- ասել Է նա: «Հովանավորչությունը չի կարող լինել պողպատաձուլական հատվածում մեր ընդհանուր խնդիրների պատասխանը: Լուծում առաջարկելու փոխարեն այդ քայլը կարող Է բարդացնել իրադրությունը»,- հավելել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել Է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Եվրամիության արագ հակազդման անհրաժեշտության մասին: Նա ընդգծել Է, որ կարեւոր Է միջազգային առեւտրական հակամարտություն թույլ չտալ նոր սահմանափակումների առնչությամբ: «Մենք պետք Է ամեն ինչ անենք՝ միջազգային առեւտրական հակամարտությունից խուսափելու համար»,- հայտարարել Է նախարարը:

Նրա խոսքով՝ ամերիկյան ղեկավարության որոշումը նաեւ սպառնալիքի տակ Է դնում Եվրոպայում հազարավոր աշխատատեղերի ապագան, եւ դրան «ԵՄ-ն պետք Է վճռականորեն հակազդի»: Դրանում, նախարարի խոսքով՝ «Վաշինգտոնը ոչ մի կասկած չպետք Է ունենա»հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am