Կիրո Մանոյանը չի բացառում, որ Ադրբեջանը կփորձի նախագահական ընտրություններից հանրության ուշադրությունը շեղել սահմանային լարվածությամբ

Armenpress 17:35, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնարավոր է, որ Ադրբեջանը, սահմանային լարվածության դիմելով, փորձի նախագահական ընտրություններից դժգոհողների ուշադրությունը շեղել դեպի արտաքին թշնամին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Կարծում եմ՝ Ադրբեջանում Արցախի հարցը կարգավորելու հետաքրքրություն չկա:  Հիմք չկա ակնկալելու, որ այդ երկիրը կփոխի իր կեցվածքը առաջիկա ամիսներին: Հնարավոր է, որ ռազմական որոշ գործողությունների դիմելով՝ նրանք ընտրություններից դժգոհողների ուշադրությունը շեղեն դեպի արտաքին թշնամին»,-ասաց  Մանոյանը:

Նրա կարծիքով՝ Արցախի հարցի կարգավորումից լուրջ տեղաշարժ չի կարելի ակնկալել  առնվազն մինչ 2019 թվական, այսինքն՝ Թուրքիայում նախագահական ընտրություններ: «Այդ երկիրը շահագրգռված է չէ հիմա այս հարցով զբաղվելու համար: Թուրքիայի գործող նախագահը, ով հավակնում է լինել նաև հաջորդը, ավելի շատ զբաղված է իր համար ստեղծել ծայրահեղ ազգայնական ընտրազանգված»,-նշեց Մանոյանը:

Այն պետությունները, որոնք միջնորդի դերակատարություն են ստանձնել, բնականաբար իրենց նպատակներում ունեն Արցախի հարցի կարգավորումը: Մանոյանի կարծիքով՝ կանխատեսելի ապագայում մեծամասշտաբ ռազմական գործողություններից խուսափելու համար նրանք փորձում են ամեն ինչ անել՝ նվազեցնելու դրա հավանականությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:  Ընտրությունները նշանակվել են 2018 թվականի ապրիլի 11-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am