Կանխել մեր մոլորակին սպառնացող «բիբլիական չափերի» աղետը. Արտաշես Գեղամյան


2017 թվականի վերջը և ս.թ. առաջին ամիսները, հիրավի, հագեցած էին համաշխարհային քաղաքական, ֆինանսական, գիտական էլիտայի ներկայացուցիչների ինտելեկտուալ գրոհով, ովքեր նպատակ ունեին հասկանալ պետությունների, պետությունների միավորումների միջև հարաբերությունների գլոբալ խնդիրները, խաղաղության ապահովման և պատերազմների կանխման, միջազգային մակարդակով արդարացի տնտեսական կարգի հաստատման խնդիրները։ Այսպես, 2017թ. նոյեմբերին «Հռոմի ակումբը» ներկայացրեց «Come On! Կապիտալիզմը, կարճատեսությունը, բնակչությունը և մոլորակի կործանումը» զեկույցը՝ իր կեսդարյա հոբելյանի առիթով (այսուհետ՝ Հոբելյանական զեկույց)։ Տարբեր երկրների առաջատար վերլուծաբանները համակարծիք էին իրենց կայացրած վճռում. Հռոմի ակումբի Հոբելյանական զեկույցը, որ գրել էին ակումբի երկու նախագահները՝ Էրնստ Վայցզեքերը և Անդերս Վիյքմանը, ակումբի մյուս երեսունչորս անդամների մասնակցությամբ, մեր ժամանակների կարևորագույն փաստաթղթերից մեկն է։ Դրանում տրվել է արդի կապիտալիզմի գնահատականը, հնչել է համոզիչ քննադատություն, խստիվ մերժվել են ֆինանսական շահարկումները, աշխարհի պարզեցված ընկալումը, նշվել է այլընտրանքային տնտեսության զարգացման օբյեկտիվ անհրաժեշտության, միասնական գլոբալ ներդաշնակ քաղաքակրթության տեսլականի մասին։

Հոբելյանական զեկույցի հրապարակումից մեկ ամիս անց Սպիտակ տունը (ԱՄՆ) պաշտոնապես տարածեց ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն), որում ուղղակի գրված է, որ երեք գլխավոր մարտահրավեր-սպառնալիքների թվում են «ռևիզիոնիստական տերություններ Չինաստանը և Ռուսաստանը» («ռևիզիոնիզմ» ասելով նկատի ունեն միաբևեռ աշխարհից սկզբունքայնորեն հրաժարվելը), «վտարյալ-պետություններ Իրանը և Հյուսիսային Կորեան» և «ջիհադական ահաբեկչական խմբերը»։ Հիմնական ուշադրությունը հատկացվել է երկու մեծ տերություններին՝ Չինաստանին և Ռուսաստանին և, ինչպես գրված է Ռազմավարությունում, «նրանք ջանում են ձևավորել մի աշխարհ, որը կհակասի ամերիկյան արժեքներին և շահերին»։ Ընդ որում, ինչպես ընդգծված է այդ փաստաթղթում, «Ռուսաստանը նպատակ ունի թուլացնել ԱՄՆ ազդեցությունն աշխարհում և Ամերիկան բաժանել իր դաշնակիցներից ու գործընկերներից»։ Այնուհետև կարդում ենք. «Միացյալ Նահանգները և Եվրոպան միասին կդիմակայեն ռուսաստանյան խափանարար գործունեությանը և ագրեսիային, ինչպես նաև այն սպառնալիքներին, որոնք ներկայացնում են Հյուսիսային Կորեան և Իրանը»։ Ես միտումնավոր եմ մեջբերում Ռազմավարության այն հատվածները, որոնցում հիշատակվում են Հայաստանի մերձավորագույն ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանի Դաշնությունը և մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս առնչությամբ մի փոքրիկ նկատառում կատարեմ։

Ս.թ. հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը։ Ձեր խոնարհ ծառան հարգարժան դեսպանին խնդրեց խորհուրդ տալ. ի՞նչ արտաքին քաղաքականություն պետք է վարի Հայաստանը, որպեսզի հարվածի տակ չդնի ԱՄՆ մեկուկեսմիլիոնանոց հայկական համայնքը, Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր ավելի քան երկուսուկես միլիոն հայրենակիցներին և Իրանի երկու հարյուր հիսուն հազարանոց հայկական համայնքը՝ Ռազմավարությունում նշված սպառնալիքների համատեքստում, հանձինս Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Չինաստանի, որի հետ վերջին տարիներին Հայաստանը հաջողությամբ հեռանկարային տնտեսական նախագծեր է իրականացնում, էլ չեմ ասում հումանիտար նախագծերի մասին, որոնք անհատույց իրականացվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Հաշվի առնելով ամերիկյան դեսպանի հետ այս հանդիպման բանական կոնֆիդենցիալության մասին պայմանավորվածությունը՝ նշեմ միայն, որ Ռ.Միլսի հետ կարծիքների փոխանակումից հետո նրան նվիրեցի «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» գիրքս՝ որպես արդի անհանգիստ աշխարհում Հայաստանի Հանրապետության ապագայի իմ տեսլականի գրավոր վկայություն։

Այնուհետև, 2018թ. փետրվարի 2-ին ԱՄՆ-ը ներկայացրեց իր նոր միջուկային դոկտրինը (ՆՄԴ)։ Հատկանշական է, որ այս փաստաթղթի ծանոթագրության մեջ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ը այդպես կենտրոնացած Ռուսաստանի վրա. «Սա ռուսաստանյան պոտենցիալի զարգացման և նրանց ռազմավարության ու դոկտրինի բնույթի պատասխանն է»։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «որոշակիորեն վերադարձել է մեծ տերությունների մրցակցություն»։

Այս համատեքստում բնավ պատահական չէ, որ ս.թ. փետրվարի 16-ին, բացելով Մյունխենի անվտանգության 54-րդ համաժողովը, ողջույնի իր խոսքում կոնֆերանսի նախագահ, գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերն այսպիսի միտք հնչեցրեց. «Անցած տարի աշխարհն ավելի մոտ էր, չափազանց մոտ էր զգալի հակամարտության սկսվելուն»։ Դոկտոր Վ.Իշինգերը հավելեց նաև, որ «այս տարի համաժողովն անցկացվելու է «Մինչև անդունդի եզրը և հե՞տ» կարգախոսի ներքո։ Համաժողովում ելույթ ունեցած՝ բնավ ոչ սովորական առանձին հռետորների արտահայտած մտքերին ծանոթանալով՝ անդունդը գլորվելու ինչ-որ անդառնալիության զգացողություն է առաջանում։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչն, օրինակ, խոստովանեց, որ չի հավատում, թե «արաբական աշխարհում կա գոնե մեկ երկիր, որը 100%-ով կայուն լինի», Թուրքիայի վարչապետը մեղադրեց Միացյալ Նահանգներին ահաբեկիչների հետ դաշինքի մեջ, Այդահո նահանգի (ԱՄՆ) հանրապետական սենատոր Ջեյմս Ռիշը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի գործողությունները կարող են ակնհայտորեն Սոդոմ-Գոմոր ենթադրող  «բիբլիական չափերի ռեակցիա» առաջացնել, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բաց տեքստով Իրանի հետ 2015թ. Բարաք Օբամայի վարչակազմի կնքած միջուկային գործարքը համեմատեց 1938թ. Մյունխենյան կոնֆերանսում Հիտլերին «խաղաղեցնելու» հետ... Եվ միանգամայն սպասելի էր, որ, փակելով համաժողովը, Վոլֆգանգ Իշինգերը տխուր ամփոփում կատարեց՝ հիշեցնելով, որ միջոցառումն անցկացվում էր «Մինչև անդունդի եզրը և հե՞տ» կարգախոսով։ «Ես հույս ունեի, որ մենք կկարողանանք դեն նետել հարցական նշանը մեր համաժողովի անվանումից, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց հեռանալ այդ «անդունդի եզրից»,- համաժողովի աշխատանքն այսպես ամփոփեց Վ.Իշինգերը։

Եվ խուճապային այս գնահատականների ֆոնին, ինչպես շատ դիպուկ արտահայտվել է «Ներսո՞ւմ, թե՞ դրսում. երկրները Ռուսաստանի և Եվրոպայի միջև» թեմայով կայացած 30 պանելային բանավեճերից (Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Մոլդովայի վարչապետ Պ.Ֆիլիպի և ընդլայնման ու բարիդրացիության քաղաքականության հարցերի եվրոպական հանձնակատար Յոհանես Խանի և ՌԴ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կ.Կոսաչովի մասնակցությամբ) մեկի մոդերատորը, ամերիկացի քաղաքագետ, «Եվրասիա գրուփ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ Յան Բրեմերը նշել է, որ Ս.Սարգսյանի ելույթը կրում էր բացառապես դրական լիցք, և բոլորին հասկանալի դարձավ, որ ՀՀ նախագահը փորձում է լցնել անդունդը Բրյուսելի և Մոսկվայի միջև՝ դրանով իսկ հաստատելով լուրջ խնդիրների առկայությունը ԵՄ-ի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում։ «Փոքր, դեպի ծով ելք չունեցող երկրի համար դա իսկապես մեծ մարտահրավեր է։ Նախագահ Սարգսյանը ցույց տվեց այն, ինչը հաճախ մոռացվում է Բրյուսելում և Վաշինգտոնում. որ Հարավային Կովկասի, Կենտրոնական և Հարավային Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում բախվում են դժվար և հաճախ հարկադրված ընտրության հետ։ Այս իրավիճակում նրանք պետք է գտնեն բացառիկ ուղիներ արտաքին աշխարհի հետ իրենց հարաբերությունները պահպանելու համար»,- հենց այսպես է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթը ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, ներկայացնենք հատված Ս.Սարգսյանի ելույթին Ռուսաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչովի տված գնահատականից. «Ես արդեն սոցիալական ցանցերում ներկայացրել եմ կայացած բանավեճին տված իմ գնահատականը, և ես անկեղծորեն երախտագիտություն եմ հայտնել Սերժ Ազատովիչին փայլուն ելույթի համար, բանավեճին շատ կառուցողական ներդրում ունենալու, կշռադատված, հավասարակշռված և խիստ պատասխանատու վերլուծության համար, թե ինչ է տեղի ունենում և՛ հենց Հայաստանում, և՛ տարածաշրջանային հարաբերություններում, և՛ ավելի գլոբալ համատեքստում, որտեղ Հայաստանն, անշուշտ, ունի իր ակնառու և ստեղծարար դերը»։ Այսպիսին է հայտնի, բարձր պրոֆեսիոնալ ռուս քաղաքագետ Կոնստանտին Իոսիֆի Կոսաչովի գնահատականը։ Բնականաբար, հարց է ծագում. իսկ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, որը հասկանալի է և բավական դրականորեն է ընկալվում Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի կողմից։ Պատասխանը պարզ է. դրանք հիմնված են Հայաստանի արտաքին քաղաքականության ազնվության, թափանցիկության վրա, որն իրագործվում է միջազգային իրավունքին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկայն Եզրափակիչ ակտի (1975թ.) 10 հիմնարար սկզբունքներին լիակատար համապատասխանությամբ։ Որպես ասվածի հաստատում՝ մեջբերում կատարենք Մյունխենի անվտանգության համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից. «Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով։ Փորձել ենք մեր գործընկերներին ընտրության առաջ չկանգնեցնել, իսկ որտեղ հնարավոր է՝ ստեղծել դրական համագործակցության միջավայր։ Կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները, մեծ հաշվով, մշտապես աջակցել են մեր այս քաղաքականությանը և դրա արդյունքում կատարված քայլերին։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային։ Անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ։ Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման բնագավառներում»:

Կարծում եմ, որ Հայաստանի՝ բանակցային գործընթացի գործընկերների (որոնք ներկայացնում են համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները) շահերի համադրման վրա հիմնված հենց այս կառուցողական դիրքորոշումն էլ մեծ մասամբ նպաստում է, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցողական աշխատանքի իրականացմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ հանձինս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ահա արդեն 24-րդ տարին է՝ չնայած իրենց իսկ միջպետական հարաբերություններում առկա բոլոր բարդություններին, սերտորեն համագործակցում են միմյանց հետ։

Վերլուծելով վերոնշյալ փաստաթղթերի բովանդակությունը՝ կարելի է եզրակացնել. վերջին ամիսների իրադարձությունների զարգացման ողջ տրամաբանությունն օբյեկտիվորեն համաշխարհային քաղաքականության գլոբալ օրակարգ է մղում արդի աշխարհակարգում իր տեղի ու դերի մասին Ռուսաստանի տեսլականի հարցը։ Եվ ահա, 2018թ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Ուղերձով դիմել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին։ Կասկած չի հարուցում, որ Վ.Վ. Պուտինի Ուղերձը Դաշնային ժողովին նախևառաջ կոչ է համաշխարհային տերությունների առաջնորդներին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ և փրկել աշխարհը միջուկային աղետի վերահաս սպառնալիքից։ Իսկ տարատեսակ մեկնաբանությունները Ուղերձի «ագրեսիվության» առումով ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ Ուղերձում պարունակվող մեսիջների բանալ խեղաթյուրում։ Լոկ մի քանի մեջբերում կատարեմ այդ, ըստ իս, գերկարևոր փաստաթղթից. «Մենք ոչ ոքի չենք սպառնում, ոչ մեկի վրա հարձակվել չենք պատրաստվում, ոչ մեկից, զենքով սպառնալով, ոչինչ խլել չենք պատրաստվում. մենք ինքներս ամեն ինչ ունենք։ Ընդհակառակը, անհրաժեշտ եմ համարում ընդգծել (և դա շատ կարևոր է). Ռուսաստանի աճող ռազմական հզորությունը խաղաղության հուսալի գրավականն է մեր մոլորակում, քանի որ այդ հզորությունը պահպանում և պահպանելու է ռազմավարական հավասարակշռությունն ու ուժերի հաշվեկշիռն աշխարհում, ինչը, ինչպես հայտնի է, եղել և մնում է միջազգային անվտանգության կարևորագույն գործոններից մեկը Երկրորդ համաշխարհակին պատերազմից հետո և մինչև մեր օրերը»։

Կարծում եմ, որ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոն պետությունների առաջնորդները պատասխանատվությամբ կմոտենան Ռուսաստանի նախագահի այս խորհրդին և կմտածեն «վաստակավոր հանգստի» ուղարկել նրանց, ովքեր ապրում են անցյալով և ի վիճակի չեն նայել ապագային, դադարեցնել այն նավակի տարուբերումները, որի մեջ գտնվում ենք մենք բոլորս և որը կոչվում է «Երկիր մոլորակ»։ Համոզված եմ, որ միայն նման մոտեցումը կարող է կանխել մեր մոլորակին սպառնացող «բիբլիական չափերի» աղետը»։

Հ.Գ. 2018թ. փետրվարի 23-ին  Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա էին աշխարհահռչակ կինոռեժիսոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին։ Օպերայի և բալետի լեփլեցուն դահլիճը քանիցս հոտնկայս ծափահարեց իր ականավոր հայրենակցին՝ Արտավազդ (Արթուր) Փելեշյանին և բառացիորեն պայթեց ծափահարություններով՝ լսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքերը՝ հասցեագրված հոբելյարին, և Արտավազդ Փելեշյանի պատասխան խոսքը։ «Դուք երջանիկ մարդ եք, Դուք կարողացաք տասնամյակներ ծառայել Ձեր սիրած գործին, դրանով իսկ՝ հայ ժողովրդին, այսինքն՝ Հայաստանին... Մենք Ձեզանից միայն մի բան ենք խնդրում՝ շարունակեք ծառայել մեր ժողովրդին, որովհետև չկա ավելի մեծ գործ և, խնդրում եմ, Ձեր փորձը փոխանցեք մեր երիտասարդությանը, մենք դրա կարիքն ունենք»,- ասաց ՀՀ նախագահը։

Վարպետի խոսքը հակարճ էր. «Հարգարժան նախագահ Սերժ Սարգսյան, մենք գիտենք, որ մեր երկիրը երկար ժամանակ գտնվում է պատերազմական վիճակի մեջ։ Այս պայմաններում Դուք ժամանակ եք գտնում աջակցել արվեստի գործիչներին և օգնել նրանց։ Նրանց թվում եմ նաև ես։ Խորին երախտագիտություն Ձեզ այդ ամենի համար։ Մեծարգո պարոն նախագահ, ինչ լավ է, որ Դուք կաք։ Թող աշխարհի բոլոր ուժերը Ձերը լինեն»։

Ինչպես հանդիսությունից հետո խոստովանեց Արտավազդ Աշոտովիչը, նա հուզմունքից չէր կարողացել ասել իր սրտի «թաքուն» մտքերից շատերը և պատրաստակամություն հայտնեց դրանք կիսել կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ։

Հոդվածս ավարտելով՝ կուզենայի նշել հետևյալը։ Կինոյի աշխարհահռչակ վարպետի հոբելյանի հանդիսության հիմքում խոր իմաստ էր դրված։ Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ժողովրդին պատրաստում է արյունահեղության, Արցախի հետ նոր պատերազմի, «Իրևանի, Զանգեզուրի...» զավթմանը, ապա Հայաստանի նախագահը և մեր ժողովուրդը մեծարում են մեր մեծ ժամանակակիցներին՝ Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արտավազդ Փելեշյանին՝ միևնույն ժամանակ հիանալի հասկանալով, որ հայ քաջարի մարտիկը հպարտանում է իր մեծ հայրենակիցներով, խորապես հասկանում, որ պաշտպանելով Հայաստանի և Արցախի պետական սահմանը, պաշտպանում է ոչ միայն իր հարազատների ու մերձավորների օջախները, այլև Հայկական մեծ քաղաքակրթությունը, նրա արժանավոր ներկայացուցիչներին... 

Արտաշես Գեղամյան,

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ,

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

 

              

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am