Սուրեն Կարայանն ընդունել է Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը

Armenpress 11:11, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին բեռալառուսական տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են առկա պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, այդ թվում՝ Բելառուսական զարգացման բանկի հետ փոխգործակցությանը։ Նշվել է, որ բանկի ներկայացուցիչները առաջիկա ամիսներին կայցելեն Հայաստան՝ Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի հետ փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով։

Քննարկվել են նաև դեպի երրորդ երկրներ արտահանման հնարավորությունները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծվող հեռանկարները, արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը և մի շարք այլ օրակարգային հարցեր։

Սուրեն Կարայանը և Դմիտրի Կորչիկը հանդիպման մասնակիցների հետ քննարկել են գործարար պատվիրակության այցի մանրամասները, անհրաժեշտ հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Սուրեն Կարայանը նշել է, որ հետևողական է լինելու այցի ընթացքին և հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից։

Բելառուսից ժամանած գործարարների խմբի համար հանդիպումներ են նախատեսվում պետական գերատեսչություններում և մասնավոր ընկերություններում՝ քննարկելու տրանսպորտային միջոցների հավաքման արտադրության, գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am