Արցախի ԱԳ նախարարի տեղակալը Բրյուսելում ելույթ է ունեցել «Լեռնային Ղարաբաղ-ԵՄ 1988-2018» խորագրով միջոցառմանը

Armenpress 21:57, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը փետրվարի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) ղարաբաղյան  ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված համաժողովին, որը կրում էր «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը 1988-2018 թթ.»  խորագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ լրատվական ծառայությունից, միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԽ կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում ընդունված բանաձևերին, տարածաշրջանում ԵՄ ներկայիս քաղաքականությանը, ինչպես նաև հակամարտության հետևանքներին առնչվող մի շարք հարցերի։ 

Իր ելույթում Արմինե Ալեքսանյանն ընդգծել է Արցախ-ԵՄ համագործակցության  անհրաժեշտությունը՝ ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև  քաղաքացիական հասարակության զարգացմանը։

Միջոցառմանը, որը նպատակ ուներ խրախուսել եվրոպական հաստատություններին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, մասնակցում էին ԵԽ բազմաթիվ պատգամավորներ, ԵՄ տարբեր կառույցների աշխատակիցներ, քաղաքական վերլուծաբաններ, դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ 

Համաժողովին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

Միջոցառումը կազմակերպվել է  Հայաստանի եվրոպացի բարեկամներ (EuFoA) և  Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի աջակցությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am