1000х90.jpg (78 KB)

Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը ժողովրդի սրտից են խոսում. տեղի ունեցավ ռեժիսորի հոգեհանգստի արարողությունը

Armenpress 19:44, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբերտ Մկրտչյանը  կարողացավ իր կինոէպոպեայով  արձանագրել իր և մեր ապրած կյանքն ամբողջությամբ` սկսած  «Լուսանկար» ֆիլմից մինչև «Ուրախ ավտոբուս»-ը: Նա էլ ավելի հերոսացրեց իրական հերոսներին և, նրանց կերպարները ժապավենին փոխանցելով, հավերժացրեց և ինչ-որ տեղ նաև համեմեց դրանք: Այսպես մեր ժամանակների հրաշալի ռեժիսորի մասին նրա հոգեհանգստի արարողությանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ մարտի 1-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: 

«Առիթ ու բախտավորություն եմ ունեցել ուսանելու տարիներին շփվել վարպետ Ալբերտ Մկրտչյանի հետ և երբ մեր դեկանատի գրամեքենայի վրա մեքենագրվում էր «Ուրախ ավտոբուս»-ի սցենարը, մենք արդեն տեսել էինք այն: Մեզ համար  դրա նկարահանումը մի յուրահատուկ տոն էր:

Վերջին տարիներին առողջության վատթարացման պատճառով նա կիսատ թողեց մեկ ֆիլմ, որը մեր ռեժիսորները փորձեցին ավարտին հասցնել: Կարծում եմ` չարժե այն ավարտել: Հենց այդ կինոնկարով էլ այսօր հրաժեշտ ենք տալիս Ալբերտ Մկրտչյանին հույսով, որ այդ ֆիլմը նրա կյանքի անավարտ էջը չէ, այլ նրա հավերժության մեկնարկը»,-նշեց նախարարը և ցավակցեց բոլոր հայրենակիցներին: 

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով` Ալբերտ Մկրտչյանը կինոարվեստ է մուտք գործել ինքնատիպ ձեռագրով: «Յուրահատուկ  անձնավորություն էր, որը հնարավորություն էր տալիս բավել դերասաններին, որոնք իր ֆիլմերում փայլում են: Դա մեծ արվեստագետի հատկություն է»,-շեշտեց Բաբայանը: 

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ընդգծեց, որ Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերով դեռ երկար տասնամյակներ ժողովուրդը սնվելու է, ոգևորվելու է, քանի որ  դրանք ժողովրդի սրտից են, նրա լեզվով են խոսում, իր ցավն ու վիշտն են արտահայտում:

«Եվս մի էջ փակվեց հայկական ազգային կինոյի պատմության մեջ:  Իհարկե, անգնահատելի է Ալբերտ Մկրտչյանի դերը հայկական կինեմատոգրաֆում: Ինձ շատ բան է կապում նրա հետ: Երկուսս էլ նույն վարպետի մոտ ենք սովորել Մոսկվայում: 

Նա մեծ ընծա, վիթխարի նվեր էր մատուցում ժողովրդին և նրա տեղը թափուր կմնա:  Հուսանք, որ իր զավակը լրացնելու է այդ բացը»,-ասաց Չալդրանյանը: 

Ալբերտ Մկրտչյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 2-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am