Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Եգիպտոսի խորհրդարանի մեծամասնությունը հայանպաստ դիրքորոշում ունի. Արմեն Մազլումյան

Armenpress 14:38, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Եգիպտոսի խորհրդարանի մեծամասնությունը հայանպաստ դիրքորոշում ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` անդրադառնալով Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելուն:

«Առջևում ապրիլ ամիսն է, և կրկին պատգամավորները բարձրացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նախորդ տարի զգալի թվով պատգամավորներ ստորագրել էին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը օրակարգ մտցնելու և քննարկելու համար, սակայն դրանից հետո գործն առաջ չանցավ: Այս օրերին խորհրդարանի երկու կարևոր՝ Պաշտպանության եւ ազգային անվտանգության, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնախմբերը հայտարարություններ արեցին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի` դա չկապելով Թուրքիայի հետ ունեցած խնդիրների հետ, այլ դիտարկելով զուտ մարդու իրավունքների համատեքստում: Որպես օրինակ ներկայացվեցին Նիդերլանդների, Գերմանիայի կատարած քայլերը»,-ասաց Արմեն Մազլումյանը: Նա նշեց, որ խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը այս հարցում հայանպաստ կեցվածք ունի:

Թե ինչ զարգացումների սպասել առաջիկայում, որքանով է հավանական, որ հարցն այս անգամ կմտնի օրակարգ, Արմեն Մազլումյանը դժվարացավ պատասխանել, միայն նկատեց, որ առկա քաղաքական դաշտը բարենպաստ է: Վերջին շրջանում Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են: Պատճառը տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականությունն է, Եգիպտոսի դեմ ունեցած կեցվածքն է: Հարաբերություններն այնքան են սրված, որ Թուրքիայի դեսպանը Եգիպտոսից վտարված է:

Եգիպտոսի խորհրդարանի Պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնախմբի նախագահի տեղակալ Յահիա Քիտվանին եւ Արտաքին հարաբերությունների հանձնախմբի քարտուղար Թարեք Խուլին կրկին արծարծել են 1915 թվականի հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը: Երկու պատգամավորները վկայակոչել են Նիդերլանդների խորհրդարանի օրինակը եւ Եգիպտոսի խորհրդարանից պահանջել են նմանօրինակ որոշում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am