Արմեն Սարգսյանը 2011 թ. դեկտեմբերից միայն ՀՀ քաղաքացի է

Armenpress 13:25, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ 2011 թ. դեկտեմբերի 2-ից սկսած միայն Հայաստանի քաղաքացի է:

Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, նա ասաց, որ 2011 թ. դեկտեմբերի 2-ին դիմել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար և այդ օրվանից միայն ՀՀ քաղաքացի է: «2011 թ. դեկտեմբերի 2-ին, երբ ես նույնիսկ երազել չէի կարող, որ Հայաստանի Սահմանադրությունը կարող է փոխվել, իսկ ես այս ամբիոնից այսօր ձեր հարցերին կպատասխանեմ, դիմել եմ և այդ օրվանից միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա մանրամասնեց, որ, լինելով ՀՀ քաղաքացի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2000թ., երբ հրաժարական է տվել Միացյալ Թագավորությունում ՀՀ ղեսպանի պաշտոնից:  «Դա իմ գործունեության համար անհրաժեշտ քայլ էր, քանի որ դրանից հետո ես պետական ծառայության մասին չէի մտածում: Դիմելուց երկու տարի հետո ստացել եմ քաղաքացիություն, բայց այդ բոլոր տարիներին ես ինձ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ զգացել, ինչն արտահայտվել է իմ գործունեությամբ»,-ասաց ՀՀ նախագահի թեկնածուն:

Նա ընդգծեց, որ Մեծ Բրիտանիայում, եթե անձը երկքաղաքացի չէ, նրան քաղաքացիությունից զրկելը բավականին բարդ գործընթաց է, սակայն երկքաղաքացիության դեպքում քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը մերժելու գործընթաց չկա: Նրա խոսքով՝ եթե երկքաղաքացին դիմում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու հարցով, դիմումն անմիջապես բավարարվում է:

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am