Նիդերլանդներում իրավապաշտպանները վերլուծելու են Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները

Armenpress 19:11, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Լեյդենի համալսարանում  մարտի 1-ին մի խումբ իրավապաշտպաններ և փորձագետներ վերլուծելու են Ադրբեջանում առկա ավտորիտար ռեժիմը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը քննարկվելու են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, խոսքի ազատության, քաղբանտարկյալների հետ կապված մի շարք հարցեր:

Քննարկմանը մասնակցելու են ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսները, Եվրախորհրդարանի պատգամավոր Քաթի Պիրին, Քլիգենդաելի ինստիտուտի փորձագետ Պոլ Մայթսը, Ամնեսթի ինթերնեյշնլի քաղաքական հարցերով ներկայացուցիչ Նիկոլ Սփրոկելը և այլն:

 Գործակալության փոխանցմամբ` Լեյլա Յունուսը հանդիպմանը բարձրաձայնելու է Ամնեսթի ինթերնեյշնլ կազմակերպության` Ադրբեջանի քաղբանտարկյալների  հետ կապված գործունեության մեջ առկա  խնդիրները:

«Այս կազմակերպությունը խնդիրներ ունի Ադրբեջանի քաղբանտարկյալների թվաքանակի, նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված հարցերում և ես գտնում եմ, որ դրանք պետք է բարձրաձայնվեն»,- ասել է Յունուսը:

Ալիևյան բռնատիրական վարչակարգի կամակատար ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը,  նրանց դեմ ուղղված  հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները: Իշխանությանը արտասահմանից քննադատող գործիչների վրա Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում նրանց ադրբեջանաբնակ հարազատների միջոցով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am