1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանի կառավարությունը չի վճարում ՄԻԵԴ-ի սահմանած տույժերը

Armenpress 18:36, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը չի վճարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով սահմանված տույժերը, որոնցով պետք է փոխհատուցվեն Ադրբեջանի քաղաքացիները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի կառավարության դեմ ՄԻԵԴ ներկայացվող հայցերը տարեցտարի ավելանում են: Ադրբեջանը գտնվում է այն 7 երկրների շարքում, որոնցից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվում ամենաշատ բողոքները:

2017թ. կտրվածքով ՄԻԵԴ ներկայացվող հայցերի 4 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին:

2017թ. Ադրբեջանից ՄԻԵԴ է ուղարկվել 679 հայց, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է 2016թ. ներկայացված հայցերի թիվը:

ՄԻԵԴ ներկայացված  բողոքները հիմնականում վերաբերում են ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումներին, ինչպես նաև ընտրողի ազատ ընտրության իրավունքին խոչընդոտելու դեպքերին:

Ադրբեջանից ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր: 2016թ-ին Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել 333 հայց, իսկ 2015թ-ին` 268: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված միանգամից 11 վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am