Հայաստանը պարտաճանաչ կերպով իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրը. Նալբանդյան

Armenpress 21:42, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության փաստաթղթի ձևավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը ունեցած ելույթում նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք պարտաճանաչ կերպով ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին ենք ներկայացրել Հայաստանի ազգային զեկույցները և դրանց իրականացման հաշվետվությունները: Հայաստանը սատարում է Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացը և պատրաստվում է կամավոր հիմունքներով ներկայացնել Համընդհանուր պարբերական վերանայման երկրորդ միջնաժամկետ զեկույցը»,- նշել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ մեր երկիրն ավարտին է հասցնում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: Անցումային ողջ գործընթացի ժամանակ` ներառյալ Սահմանադրական հանրաքվեն, Հայաստանի առանցքային օրենքներում համապատասխան փոփոխությունները և խորհրդարանական ընտրությունները իրականացվել են ներառական մթնոլորտում՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, և ի ցույց են դրել, որ մեր երկրում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն է և անշրջելի:

«Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը Հայաստանում` հենվելով նաև մեր գործընկերների, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից տրամադրված աջակցության վրա:

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շարունակական հանձնառությունն` առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, որոնք շարունակում են կարևոր տեղ զբաղեցնել մեր առաջնայնություններում»,- ամփոփել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am