ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը և ՄԱԶԾ կառավարիչը քննարկել են համագործակցության օրակարգը

Armenpress 19:30, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 26-ին հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Աքիմ Շտայների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը ՀՀ դեսպանը գոհունակությամբ ընդգծեց ՄԱԶԾ հետ երկարամյա համագործակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ՄԱԶԾ-ի հետ ամրապնդվող և ընդլայնվող գործընկերությունն՝ ի նպաստ Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրագործման։ ՄԱԶԾ կառավարիչ Շտայները գոհունակությամբ ընդգծեց հայկական կողմի` ՄԱԶԾ հետ ակտիվ և արդյունավետ երկխոսության պահպանումը` այդ համատեքստում հիշատակելով հունվարին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի հետ ունեցած քննարկումը։ Դեսպան Մնացականյանը և կառավարիչ Շտայները մտքեր փոխանակեցին Հայաստան-ՄԱԶԾ համագործակցության օրակարգի շուրջ: ՄԱԶԾ կառավարիչը նշեց, որ Հայաստանում և Հայաստանի համար մշակված լուծումները ՄԱԶԾ կողմից օրինակելի են դիտարկվում՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի իրականացմանն աջակցելու նպատակով ազգային նորարար հարթակներ մշակելու և այլ երկրներում դրանք կիրառելու առումով։ Կարևորվեց կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված ազգային առաջին նորարարական կենտրոնի մեկնարկը Հայաստանում՝ որպես պետություն-ՄԱԿ համագործակցության արդյունավետ ձևաչափ։

Զրուցակիցները վերահաստատեցին, որ ՄԱԶԾ Հայաստանի կարևոր գործընկերն է երկրում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման առումով»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am