«Էրդողան, Ալժիրում ցանկալի չես». ալժիրցի հայտնի գրողը բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահին

Armenpress 11:06, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրցի հայտնի գրող Կամել Դաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ալժիր այցից առաջ բաց նամակ է հղել նրան՝ կոչ անելով չգալ իրենց երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

«Էրդողա՛ն, բոլոր ձերբակալվածների, սպանվածների և տանջանքների ենթարկվածների անունից ասում եմ՝ բարով չես գալիս մեր երկիր: Ոչ, Էրդողա՛ն, դու Ալժիրում ցանկալի չես»,- այս տողերով է սկսել նամակը հայտնի գրողը:

Դաուդը նշել է, որ Էրդողանն իր կողմնակիցների և մերձավոր շրջանակների համար Թուրքիան վերածել է շուկայի, իսկ ընդդիմադիրների համար՝ կալանավայրի: Նա հույս է հայտնել, որ ժողովուրդը «ողջ կմնա և կփրկվի» Էրդողանի ձեռքից:

«Դուք պարզապես պատրանք եք: Դուք էլ դա գիտեք, մենք էլ: Շարունակ հղում եք անում այն արժեքներին ու հավատալիքներին, որոնք սիրում ենք՝ որպես փրկիչ Ձեզ ներկայացնելու համար, սակայն հակառակը՝ գերեզմանափոր եք: Նախ և առաջ Ձեր իսկ երկրի, ապա հարևան երկրների համար»,- գրել է ալժիրցի հեղինակը:

Կամել Դաուդը նշել է, որ Էրդողանի պոպուլիզմի պատճառով Թուրքիան դեռ շատ բան է կորցնելու: Նա ընդգծել է, որ Ալժիրը կարիք ունի իսկական ընկերների և դաշնակիցների, այլ ոչ թե Էրդողանի, ում «ձեռքերը արյան մեջ են շաղախված»:

Ալժիրցի գրող Կամել Դաուդը իր «Մերսո, հետաքննություն» գրքի համար 2015 թվականին արժանացել է հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի: Նա նաև Ֆրանսուա Մորիակի անվան (Prix Franois Mauriac 2014) և Ֆրանկոֆոնիայի հինգ մայր ցամաքների (Prix des Cinq Continents de la Francophonie 2014) մրցանակների դափնեկիր է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am