1000х90.jpg (78 KB)

Արմեն Ամիրյանը մարզային գրադարանների պատասխանատուներին հորդորել է գիրք կարդալը նորաձև դարձնել  

Armenpress 11:01, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզային գրադարանների տնօրեններից, ովքեր նախարարություն էին ներկայացել տարեկան հաշվետվություններով, պահանջել է գիրք կարդալը նորաձև դարձնել, կրկնապատկել և եռապատկել ակտիվ ընթերցողների թիվը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն իրավիճակը բարելավելու և մարզային կառույցի համար ոչ այնքան դյուրին խնդիրը լուծելու բազմաթիվ տարբերակներ է առաջարկել:

Մասնավորապես, Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանին առաջարկել է մտածել շրջիկ գրադարան ստեղծելու մասին: Ողջ Հրազդան քաղաքը սպասարկելու համար հնարավոր է համարել նաև քաղաքի մեկ այլ տարածքում գրադարանի փոքրիկ մասնաճյուղ ստեղծելու հնարավորությունը: Առաջարկել է ակտիվորեն համագործակցել Ծաղկաձորի՝ շատ այցելուներ ունեցող հյուրանոցների հետ:

Համագործակցության տարբերակներ և գաղափարներ է առաջարկել նաև Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանին. աշխատել տեղի Հայորդաց տան հետ, հետաքրքիր միջոցառումներ իրականացնել Աշտարակում գործող Պերճ Պռոշյանի թանգարանում և այլն:

Լոռու մարզային գրադարանի տնօրենին հորդորել է համագործակցել Վանաձորի թատրոնի հետ. դերասանների օգնությամբ կազմակերպել հանրային ընթերցումներ մարդաշատ վայրերում, Տեխնոլոգիական կենտրոնի տնօրինության հետ քննարկել այդտեղ գրադարանի փոքրիկ մասնաճյուղ հիմնելու հնարավորությունը:

Արմեն Ամիրյանի համոզմամբ` հանրությանը գրքին մոտեցնելու և գիրք կարդալը նորաձև դարձնելու համար պետք է օգտագործել եղած բոլոր հնարավորությունները:

«Մի՛ վախեցեք համագործակցությունից: Բաց եղեք և ընկերություն արեք տարբեր կառույցների հետ: Առանց առողջ համագործակցության ոչինչ չի ստացվի: Մենք պետք է կարողանանք մտածել միևնույն հարթության մեջ: Գրկաբաց ընդունեք նոր գաղափարները, ինքներդ ոգևորվեք դրանցով ու անհանգստացրեք մեզ անընդհատ»,-Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանին ասել է նախարարը:

Գրադարանի տնօրենը նշել է, որ ընթերցողների և այցելուների թիվն ավելացնելու որոշակի քայլեր արդեն ձեռնարկել են. 2017-ի հուլիսից գրադարանում գործում է մանկական ժամանցային կենտրոնը: Ընթացքի մեջ է LOFT-ի հետ համագործակցության ծրագիրը: Տնօրենը նախարարի հետ խորհրդակցել է գրադարանի հարակից տարածքում գրադարան-սրճարան ստեղծելու հնարավորության շուրջ:

Փոքրիկ վիճակագրություն. 2017-ին Լոռու մարզային գրադարանն ունեցել է շուրջ 12 հազար, Կոտայքի մարզային գրադարանը՝ 5764, իսկ Արագածոտնի մարզային գրադարանը 4402 մշտական ընթերցող:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am