Առաջիկայում Petekamutner.am կայքում հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը

Armenpress 13:07, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեի կայքում առաջիկայում հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը` գոհունակությամբ փաստելով, որ ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացն այսօր տևում է միջինում 20 րոպե: «Բիզնես միջավայրի բարելավման նպատակով 2017 թվականից կիրառվում է ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում: Ինչպես գիտեք, առկա են նոր ավտոմեքենաների գները, իսկ բանաձևի միջոցով հաշվարկվում են նաև տարբեր տարեթվերի մեքենաների արժեքները: Արդեն առաջիկայում հասանելի է լինելու նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՊԵԿ փոխնախագահը` հավելելով, որ հետագայում հնարավոր կլինի նաև մաքսային վճարների հաշվարկն ավտոմատ կատարել:

Ինչպես նշեց պաշտոնյան, շարունակաբար թարմացվում է շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, քանակների, ներմուծողների թվի և գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ կայքում տեղադրված տեղեկատվությունը: «Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է ավտոմեքենաների ձևակերպման վայրերում: Petekamutner.am կայքում ամեն ամիս հրապարակվում է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: Գործարքի գնի մեթոդի կիրառության տեսակարար կշիռը կազմում է ­­­­68 տոկոս»,-հայտնեց Սամվել Ավետիքյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am