Հովհաննես Այվազովսկու հոբելյանին նվիրված «Արարում» ցուցահանդեսը 56 000 այցելու է ունեցել

Armenpress 11:11, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որն անցկացվեց սեպտեմբերի 14-ից փետրվարի 15-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, այցելուների թվի ռեկորդ է սահմանել: 56 000 արվեստասեր գնացել է տեսնելու Այվազովսկու հրաշալի կտավները: «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսին 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, մեկ դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ են ներկայացվել: Ցուցադրվել է նաև «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ 

Ցուցահանդեսի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի հետ:

 -Պարոն Ծատուրյան, շատերն են նշում, որ «Արարում» ցուցահանդեսը բացառիկ էր: Ըստ ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված դրա բացառիկությունը:

-Լսե՞լ եք Հայաստանում կազմակերպված որևէ ցուցահանդեսի մասին, որը 56 000 այցելու է ունեցել: Դա խոսում է ցուցադրության աննախադեպ լինելու մասին: Մենք կարողացանք անել այն, ինչ կես դար մեր երկրում գործող թանգարաններից որևէ մեկը չէր արել: Չգիտեմ` կհաջողվի՞ կրկնել կամ գերազանցել մեր ռեկորդը, բայց մենք միանշանակորեն ցույց տվեցինք, որ հնարավոր է մինիմալ ներդրումների պարագայում անգամ լավ, հնչեղ, գեղեցիկ և եկամտաբեր ցուցահանդես իրականացնել: Այն արդեն ավարտվել է, բայց, հավատացեք, եթե շարունակվեր, մարդկանց հոսքը չէր դադարի: Ինձ և այն մարդկանց համար, ովքեր մասնակցություն են ունեցել ցուցահանդեսի կայացմանը, դա մեծ ոգևորություն է. հաջողությունն է, որ մարդուն առաջ է մղում և հանգեցնում ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական բավարարման:

Այս ցուցահանդեսով մենք ցույց տվեցինք, որ մշակութային դաշտը փոփոխվել է: Մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ, քանի որ հաղթողից միշտ ավելին են սպասում:

- Այցելուների թվում ովքե՞ր էին գերակշռում:

-Մեզ մոտ ամեն բան տարբերակված է: Արդեն երեք տարի պատկերասրահը տոմսեր է վաճառում էլեկտրոնային տարբերակով, և մենք գիտենք, թե քանի ուսանող, քանի թոշակառու, քանի դպրոցական է մեզ այցելել: Վերջին անգամ տվյալները երկու ամիս առաջ ենք ստուգել: Դպրոցականների թիվը հասնում էր 18 000-ի: Վստահ եմ` ընթացքում այս թիվն ավելացել է:

- Արվեստասերների մի ստվար հատված գալիս էր պատկերասրահ Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարումը» հռչակավոր կտավը տեսնելու: Դու՞ք ինչպես եք բնութագրում այդ առեղծվածային գործը:

-Ինչպես մարդիկ են առեղծվածային կյանք ապրում, այնպես էլ՝ նրանց ստեղծագործությունները: Ցուցահանդեսի կոնցեպտն հետևյալ կերպ էր մտածված` «Քաոս. Աշխարհի արարումը» և «Նոյն իջնում է Արարատից»: Աշխարհի երկրորդ ծնունդը սկսվեց Արարատից: Ցուցադրությունն էլ էր այդպիսին: Դժվար է միանշանակ խոսել, միայն կշեշտեմ, որ «Քաոս. Աշխարհի արարումը» վիրտուոզ  աշխատանք է: Այվազովսկին 6000 և ավելի կտավ է նկարել, որոնցից ոչ բոլորն են գլուխգործոցներ: Մեր ցուցահանդեսում ներկայացված էին հանճարեղ ստեղծագործություններ, և «Քաոս. Աշխարհի արարումը» դրանցից մեկն էր, գլուխգործոց, որը հարստացրեց ցուցահանդեսը:

-Մի առիթով նշել եք, որ ցուցահանդեսի հաջողությունը նաև պայմանավորված էր ժամանակակից PR տեխնոլոգիաների կիրառմամբ: Կբացե՞ք փակագծերը:

-Հաջողությունը ծնվում է գլխում: Շատ կարևոր է, որ ցուցահանդեսի բոլոր բաղադրիչները բարձր մակարդակ ունենային` սկսած վիզուալիզացիաներից, որոնք ապահովում են համապատասխան սարքավորումների միջոցով, վերջացրած պատերի գունային գամմայով: Ցուցահանդես կազմակերպելիս ամեն բան կարևոր է` սրահի լույսը, ստվերը, ձայնը: Երբ հասնում ես այդ ամենի գոնե լավ մակարդակին, արդեն հաջողություն է: Լավը գերազանցի թշնամին է. բոլորը կատարելության են ձգտում, բայց դա վտանգավոր է: Շատ անգամ կատարելության ձգտողները ընդհանրապես ոչնչի չեն հասնում: Իհարկե, «Արարում» ցուցահանդեսի գովազդը նույնպես մտածված և ճիշտ իրականացվեց: Ցուցահանդեսի հոլովակը «Adobe» ընկերության երկու մրցանակի է արժանացել:

Հեռանկարում նախատեսում ենք Պաբլո Պիկասոյի կտավների ցուցահանդես կազմակերպել: Այդ նպատակով բանակցություններ ենք վարում մեր օտարերկրացի գործընկերների հետ, որպեսզի նրանց հավաքածուներում գտնվող լավագույն կտավները ցուցադրվեն մեր պատկերասրահում:

Ցանկանում եմ ընդգծել, որ արվեստասերները կարող են օնլայն ձեռք բերել պատկերասրահի հավաքածուում ներկայացված լավագույն կտավների պատճենները, որոնք շատ որակյալ են: Մոտ ապագայում պատկերասրահի ճեմասրահում ցանկանում ենք բացել ֆրանսահայ նշանավոր նկարիչ Գառզուի անվամբ սրճարանը, որը սիրելի վայր կդառնա բոլոր արվեստասերների համար:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am