«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հայկական փորձը կներդրվի Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում


ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում ներդնելու վերաբերյալ: Հնդկաստանի հետ արդեն ստորագրվել է համագործակցության հուշագիր, մյուս երկրներում ևս նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը: «Երեք երկրներն էլ մեծ հետաքրքրություն և ոգևորություն են ցուցաբերել «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի նկատմամբ: Պիլոտային ծրագրով մենք կարտահանենք մեր փորձը, կպատրաստենք նրանց թրեյներներին, ապագա լաբորատորիաների վարիչներին, նրանց դպրոցներում կտեղադրենք լաբորատորիաները: Այդ միջոցներն էլ կօգնեն մեզ շարունակել այս ծրագրի զարգացումը Հայաստանում ու այն հասցնել իր ավարտին»,-ասաց բանախոսը:

Նրա տեղեկացմամբ` այս պահին ամբողջ Հայաստանում առկա է 220 «Արմաթ» լաբորատորիա, շուրջ 5 հազար դպրոցական լաբորատորիաների սան է, որոնցից 200-ը գործում են մարզերում: «Հայաստանում լաբորատորիաների ներդրման տեմպերը դանդաղեցին, մենք որոշեցինք որպես ուղղություն ընտրել այս ապրանքի արտահանումը և դրանով նաև գումար ներգրավել: Բացի այդ կապեր ստեղծել այլ երկրների հետ, քանի որ կրթական արտադրանքը լավ բարեկամություն է ստեղծում»,-ավելացրեց Արման Պողոսյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը Հնդկաստանի հետ պայմանագիրը մեծ առաջընթաց որակեց, քանի որ այդ երկիրը բավականին զարգացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: «Հնդկաստանը ՏՏ աշխարհում շատ զարգացած է` թե կրթությամբ, և թե ծրագրերի մշակումով և այն, որ նրանք հետաքրքրված են «Արմաթ» լաբորատորիաներով, արդեն խոսուն արդյունք է »,-ասաց Ալեքսանդր Եսայանը` հավելելով, որ ծրագրի փուլային իրագործման արդյունքում նախատեսվում է Հնդկաստանում ներդրվելիք լաբորատորիաների թիվը հասցնել 3 հազարի:  Իսկ առաջին լաբորատորիաները նախատեսվում է բացել արդեն այս տարի:

Արման Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում նշյալ երկրներում բացվելիք «Արմաթ»-ներում կսովորեն Հայաստանից արտահանված սարքավորումներով, սակայն հետագայում, հնարավոր է, դրանք փոխարինվեն այդ երկրների արտադրանքով: «Մենք չենք ակնկալում, որ իրենք շարունակաբար մեր արտադրանքն են գնելու, հարցը այս ծրագրի արտահանման մասին է: Երբ նրանք որոշեն ինքնուրույն շարունակել, մենք նոր` անօդաչու սարքերի, կենսաքիմիայի լաբորատորիաների ծրագրի արտահանման մասին կմտածենք: Մեր նպատակը գիտելիքն անընդհատ արտահանելն է»,-եզրափակեց «Ինստիգեյթ»-ի տնօրենը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am