Պետությանը ծառայել եմ անկեղծ և նվիրված. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում

Armenpress 18:56, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ-ի կողմից առաջարկված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի ուղեկցությամբ Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց համալսարանում, ծանոթացավ բուհի անցած ուղուն, ձեռքբերումներին, եղավ գրադարանում, ինժեներական, ձեռներեցության զարգացման կենտրոններում: Ձեռներեցության կենտրոնում Արմեն Սարգսյանը երիտասարդներից հետաքրքրվեց, թե ինչ ստարտափ գաղափարներ են ներկայացրել, իրենց ծրագրերն իրականացնելու գործում ինչպիսի աջակցության կարիք ունեն:

Շրջայցից հետո համալսարանի դահլիճում երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր տպավորությունները և պատասխանեց ուսանողների հարցերին:

Արմեն Սարգսյանը կարևոր համարեց կրթության դերը երկրի ու հասարակության զարգացման գործում: Նա էական համարեց այն, որ կրթությունն ունենա հստակ ուղղվածություն:

«Վերջին շրջանում ես եղել եմ շատ դպրոցներում, համալսարաններում, հանդիպել եմ նաև երիտասարդությանը դրսում: Կարծում եմ, որ գլխավոր առանձնահատկությունը պետք է այն լինի, որ յուրաքանչյուր երիտասարդ, ուսանող հստակ պատկերացնի, թե ինչ է ուզում, յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն ունենա լավագույն կրթությունը ստանալու, կարևոր է, որ նա իմանա, թե ինչ է անելու ավարտելուց հետո: Այդ դեպքում այդ երիտասարդը նվիրումով կաշխատի: Ապագայի տեսլականը շատ կարևոր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը կարևոր համարեց ժամանակի շնչով առաջ շարժվելը: Նա ընդգծեց, որ 21-րդ դարը լինելու է արագ փոփոխությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ժամանակաշրջան: Այդ համատեքստում, նա նշեց, որ Հայաստանը որպես պետություն զարգացման մեծ պոտենցիալ ունի:

«Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ` մենք այսօր ունենք 26 տարվա պետություն: Հայաստանն այսօր ԵԱՏՄ անդամ է և կարող է դառնալ մի մեծ շուկայի դարպաս: Մյուս կողմից Հայաստանն ունի համաձայնագիր ԵՄ-ի հետ: Այս տարածքում Հայաստանը միակ երկրին է, որը կամուրջ կարող է լինել Եվրոպայից դեպի Եվրասիա: Կան բազմաթիվ օրինակներ, երբ տարբեր երկրներում հայաստանցի, Սփյուռքի երիտասարդները լուրջ հաջողությունների են հասել: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք առողջ հասարակության գաղափարն ամրապնդել, երբ յուրաքանչյուրը կհավատա, որ իր կյանքը կարող է կապել հայրենիքի հետ, յուրաքանչյուրը կհավատա, որ իրենից է շատ բան կախված»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանի ելույթից հետո հնչեցին հարցեր, որոնք բազմաթիվ էին ու վերաբերում էին ամենատարբեր ոլորտներին` կրթություն, բնապահպանություն, տնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև Արմեն Սարգսյանի անցած ուղուն ու ապագա անելիքներին:

Ուսանողները հետաքրքրվեցին, թե առաջինն ինչ է անելու Արմեն Սարգսյանը, երբ ընտրվի նախագահ: Արմեն Սարգսյանը հակիրճ անդրադադարձավ. «Շնորհակալություն եմ հայտնելու Ազգային ժողովին»: Մեկ այլ հարցով ուսանողներից մեկը փորձում էր իմանալ, թե Արմեն Սարգսյանը որն է համարում դեսպան աշխատելու տարիների գլխավոր ներդրումը, ինչ հիշարժան պահեր կառանձնացնի:

«Ամենամեծ ներդրումն այն եմ համարում, որ դեսպանության տարիներին պետությանը ծառայել եմ անկեղծ, ազնվորեն ու նվիրված: Իմ ոչ ժամանակը, ոչ եռանդը չեմ խնայել: Ինչ վերաբերում է հիշարժան պահերին, ապա դրանցից մեկն այն է, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ: Ես այն 3 անձանցից մեկն էի, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի հանդիսավոր նիստին ներկայացնում էի Հայաստանի Հանրապետությունը, ինձ հետ էին Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը: Սա իմ կյանքի ամենահուզումնալից պահերից մեկն էր և միշտ մտածում էի ինչ լավ կլիներ, որ հայրս ինձ հետ լիներ ու տեսներ այդ օրը, որի մասին փոքր տարիքից խոսում էինք: Մեկ այլ հիշարժան պահի մասին, երբ  հավատարմագրերը պետք է հանձնեի թագուհուն: Պատրաստությունն այնպիսին էր, որ բրիտանական թագավորական գվարդիան մեր երկրի օրհներգն էր նվագում»,-ասաց նա:

Հարցերի մի զգալի հատված առնչվում էր կրթական ոլորտին: Ուսանողները փորձում էին ճշտել, թե Արմեն Սարգսյանը շրջայցի ժամանակ արդյո՞ք ծանոթացել է մարզերում դպրոցների վիճակին:

«Շրջանների, քաղաքների դպրոցներին շատ լավ ծանոթ եմ, գիտեմ, որ մեծ տարբերություն կա ուսումնական հաստատությունների միջև: Խնդիրներին ծանոթ եմ, դրանք կապված են դպրոցների պայմանների, մասնագետների պակասի և այլ հարցերի հետ: Պետք է ասեմ, որ այս խնդիրը միայն հայկական չէ,ամբողջ աշխարհում դա կա: Որպես օրինակ ասեմ, որ Մեծ Բրիտանիայում կան աշխարհի լավագույն մասնավոր դպրոցները, պետական դպրոցները երբ տեսնեք, չեք ուզենա, որ ձեր երեխաներն այնտեղ սովորեն: Խորհրդային տարիներին մենք ունեինք շատ լավ դպրոցական համակարգ, երեխաներին կրթություն տալուց բացի, խնդիր էր դրված գտնել տաղանդավոր երեխաներին: Դպրոցների միջև կար մրցակցություն: Ես, որոշ փորձ ունենալով կրթության ոլորտում, կարող եմ գնահատական տալ և սխալները տեսնել: Հսկայական ուշադրություն պետք է դարձնել դպրոցներին»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Ուսանողները չշրջանցեցին հայ-թուրքական հարաբերությունները: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամանակը ե՞րբ կհասունանա, ուսանողներից մեկի հարցին ի պատասխան Արմեն Սարգսյանը նշեց, որ դա Հայաստանից կախված չէ:

«Քանի որ ձեր հարց է «երբ է», ես չեմ կարող պատասխանել: Այսօր Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեք կարող դիտարկել առանց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների: Այսօր Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիբ Էրդողանն է, վաղը կարող է լինել այլ նախագահ և այլ իրավիճակ լինի: Երբ են հարաբերությունները լավանալու, ես այս հարցին կարծիք չունեմ, որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարից, նախագահից կախված չի լինելու»,-ասաց Արմեն Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am