1000х90.jpg (78 KB)

Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին

Armenpress 18:43, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից  Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է  Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի կողմից  իրենց հասցված վիրավորանքներին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նևզորովը  Невзоровские среды  հերթական հաղորդմանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքերին՝ նշել է.« Տեսեք ինչ լավ են նրանք արտահայտվում: Ինձ անվանում են խղճուկ ավանակ, չկայացած ավանակ, ավանակ, նողկալի անոմալիա, անպարկեշտ ավանակ»: 

Նևզորովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վիրավորանքները հնչեցվել են ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, այլ ոչ թե լրագրողների կողմից: 

Նևզորովն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմն ամենից շատ վրդովվել է Ալիևին սուր առարկաներ և մեխ անգամ չվստահելու իր կոչերին: «Ես, կարծես, խանգարում եմ Ալիևի ատաղծագործական բիզնեսին: Մեխերի վերաբերյալ այդ աստիճան մտահոգությունն ինձ անհանգստացրեց»,- հեգնել է Նևզորովը: 

«Ալիևը  Երևանի վերաբերյալ իր հայտարարություններով կարծես վտանգավոր խելագար լինի»,- Невзоровские среды  հաղորդման փետրվարի 14-ի  եթերում նշել էր  Ալեքսանդր Նևզորովը: 

Ալեքսանդր Նևզորովը նշել էր նաև, որ Երևանը ադրբեջանցիներինը լինելու վերաբերյալ սուտը ադրբեջանցիների կողմից ստեղծված առասպել է, ինչը կարող դառնալ ապագա արյունահեղության և ատելության պոռթկումների պատճառ: 

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը անհրաժեշտ չեն համարել մեկնաբանել հեռուստալրագրողի քննադատական խոսքերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am