Մինաս Ավետիսյանի երբևէ չցուցադրված գործերը կներկայացվեն հոբելյանական ու խոշոր ցուցահանդեսին

Armenpress 10:39, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահը Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսից հետո արվեստասերներին նոր տոն կպարգևի: Նախատեսվում է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես իրականացնել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ Մինաս Ավետիսյանի գեղանկարների մեծ  ցուցահանդես վաղուց չի կազմակերպվել: «Ցանկանում ենք շքեղ, գեղեցիկ «Արարում»-ին ոչնչով չզիջող ընդգրկուն ցուցահանդես կազմակերպել, որտեղ կներկայացվեն ինչպես պատկերասրահի, այնպես էլ` մասնավոր հավաքածուներում գտնվող աշխատանքներ»,- նշեց նա և հավելեց, որ ցուցահանդեսը նախատեսվում է ապրիլին, բայց գուցե չհասցնեն, քանի որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու:

Ծատուրյանի խոսքով՝ ցավոք, Մինաս Ավետիսյանի գլուխգործոցների զգալի մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում: Տնօրենը բանակցում է հավաքորդների հետ` նրանց մոտ եղած արժեքավոր կտավները ցուցահանդեսում ներառելու համար:

«Աշխատելու ենք ցուցադրել նկարներ, որոնք նախկինում երբևէ չեն ներկայացվել: Վերջերս Մինասի նատյուրմորտներից մեկը տեսա, որը շշմելու էր, մոգական ուժ ուներ, իսկական գլուխգործոց: Կանեմ ամեն բան, որ այն նույնպես ընդգրկվի ցուցահանդեսում»,-նշեց նա:

Արման Ծատուրյանն ընդգծեց, որ ցուցահանդես կազմակերպելիս ձգտում են ներկայացնել նկարչի կյանքը.  ով է եղել, ինչպես է ապրել, ինչի մասին է երազել, ինչ է ցանկացել ասել իր արվեստով, երջանի՞կ է եղել անձնական կյանքում, երջանկությունը կամ դժբախտությունն ազդե՞լ են իր արվեստի վրա, թե՞ հակառակը: Ըստ Ծատուրյանի՝ ճիշտ և ազդեցիկ ցուցադրության համար հրաշալի և բացառիկ կտավները պետք է համատեղել վերոնշյալ ասպեկտների հետ: «Մինասի կյանքն ինքնին առեղծվածային էր. ինչպես նա ապրեց, ինչպես մահացավ՝ գաղտնիք է»,-շեշտեց նա:

Տնօրենը վստահ է, որ Մինաս Ավետիսյանին նվիրված վառ, գունեղ, խոր ու հետաքրքիր ցուցահանդեսը յուրահատուկ մշակութային իրադարձություն կլինի, որի մասին երկար կխոսվի:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am