1000х90.jpg (78 KB)

Գրականության ինստիտուտում կայացել է արևմտահայերենին նվիրված գրքերի շնորհանդես և քննարկում

Armenpress 21:30, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դահլիճում փետրվարի 21-ին տեղի է ունեցել Սփյուռքի նախարարության պատվերով 2016-2017 թթ. հրատարակված «Գրական արևմտահայերենի և ՀՀ տարածքում գործառող Կը ճյուղի բարբառների առնչությունները»,  «Գրական արեւմտահայերէնի ուսումնասիրութեան պատմութիւն»,  «Արեւմտահայերէնի  եւ արեւելահայերէնի մերձեցման ուղիները»,  «Քրդերեն-հայերեն, հայերեն-քրդերեն գործնական բառարան»,  «Արևմտահայերեն (կանոնակարգ և խնդիրներ)»  գրքերի շնորհանդեսը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ներկաներին Մայրենիի օրվա առթիվ և նշեց, որ այն մեր ամենապայծառ և ամենապարտավորեցնող տոներից մեկն է: «Յուրաքանչյուր հայ մարդ, պետական և հասարակական գործիչ իր գլխավոր խնդիրներից մեկը պիտի համարի մայրենի լեզվի անաղարտության պահպանումը: Եվ այսօր դիմում եմ բոլոր պաշտոնյաներին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր խոսում են հայերեն, հոգ տանել հայոց լեզվի մասին: Ինչպես Ավետիք Իսահակյանն էր ասում, մայրենին պետք է ապրել, զգալ, օտար լեզուն՝ սովորել, հասկանալ»,- նշեց սփյուռքի նախարարը:

Անդրադառնալով արևմտահայերենին նվիրված գրքերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս ուսումնասիրությունները պետք է դառնան մայրենիի ուսուցման գործընթացի կարևոր բաղադրիչները և հասանելի լինեն սփյուռքյան դպրոցներին: «Առաջին և գլխավոր խնդիրը դպրոցական գրականության, միասնական դասագրքերի ստեղծման հարցն է: Այս խնդիրները տեղ են գտել նաև Սփյուռքի նախարարության կողմից մշակված՝ արևմտահայերենի պահպանման, զարգացման և կանոնարկման ռազմավարական ծրագրում: Պետք է Հայաստանում բնակվող սիրիահայ ուսուցիչների ներուժը ևս օգտագործենք:  Ե՛վ ավագ դպրոցում, և՛ համալսարաններում, և՛ մշակույթի տարբեր բնագավառներում պիտի օգտագործվի նաև արևմտահայերենը: Ժամանակն է, որ խոսքից անցնենք գործի»,-շեշտեց Հրանուշ Հակոբյանը:

Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարին և նախարարությանը արևմտահայերենը պետականորեն պահպանելու գործում նախանձախնդիր լինելու և ռազմավարության նախագծում կոնկրետ քայլեր նախանշելու համար:

Ելույթներ ունեցան նաև Լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նրանք հատկապես կարևորեցին արևմտահայերենի՝ հայաստանյան դպրոցներում փորձնական ծրագրով դասավանդումը և արևմտահայ գրականության հանրահռչակումը:

Այնուհետև գրքերի հեղինակները ներկայացրեցին իրենց կողմից մշակված հետազոտությունները:  Այսպես, «Արեւմտահայերէնի  եւ արեւելահայերէնի մերձեցման ուղիները» հետազոտության համաղեինակ, «Արևմտահայերեն (կանոնակարգ և խնդիրներ)» գրքի հեղինակ Հակոբ Չոլաքյանը նշեց. «Տասնամյակներ շարունակ Սփյուռքում լինելով արևմտահայերենի ուսուցիչ և դասագրքերի հեղինակ՝ հաստատվեցի Հայաստանում և հասկացա, որ գիտական ուսումնասիրություններ իրականացնելու անհրաժեշտություն կա: Արևմտահայերենը դժվար ճանապարհ է անցել, 19-20-րդ դարի զարթոնքի շրջանի և գեղագետների սերունդները ուղղակի ծաղկունքի հասցրին արևմտահայերենը: Հայոց ցեղասպանությունից հետո ցիրուցան եղած «մնացորդաց» սերունդը, որ սփյուռքահայ գրականության ու մշակույթի հունդերը սերմանեց՝  դարձավ հրաշագեղ արևմտահայերենի վերածննդի նոր երաշխավոր՝ Անդրանիկ Ծառուկյան, Մուշեղ Իշխան, Վահե Վահյան և այլք: Այսօր, կրկնում են, որ արևմտահայերենը վտանգված է: Մեզ պետք է ընդամենը բորբոքել վերածննդի ոգին: Առանց լեզվի չկա հավիտենականություն»: 

Շնորհանդեսի ավարտին  «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքի համահիմնադիր Նայիրի Մկրտիչեանը ներկայացրեց մեկամյա կայքի ձեռքբերումները և համացանցի միջոցով արևմտահայերենի գիտելիքները զարգացնելու հնարավորությունները: Մանկապատանեկան կայքն առաջինն է իր տեսակի մեջ, ունի շաբաթական 10 հազար ընթերցող, որոնք աշխարհի 38 երկրներներից են: Նայիրի Մկրտիչեանը նշեց, որ կայքը տեղեկատվության աղբյուր է սփյուռքի ուսուցիչների համար և մեծ հարթակ սփյուռքահայ պատանիների համար:

Այնուհետև տեղի ունեցավ արևմտահայերենի խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում: Քննարկման թեմաներն էին արևմտահայերենի պահպանումը և պաշտպանությունը, զարգացումն ու տարածումը, գործառության ոլորտների ընդլայնումը, կանոնարկումը, ուսուցումն ու ուսումնասիրումը, արևմտահայերենի և արևելահայերենի միասնական զարգացումը, փոխհարստացումը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, Հայերենի բարձրագույն խորհրդի նախագահ Յուրի Ավետիսյանը  հույս հայտնեց, որ գրքերի հրատարակությունները, բառարանների կազմումը, կլոր սեղան-քննարկումները կտան սպասված արդյունք:

Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը հանդես եկավ «Արևմտահայերենը՝ որպես երկրորդ լեզու» ձևաչափով առցանց դասագիրք ստեղծելու առաջարկով: Նա նշեց նաև, որ այժմ Լեզվի ինստիտուտը և Համազգային մշակութային միությունը աշխատանքներ են տանում արևմտահայերեն առցանց բառարան ստեղծելու ուղղությամբ, որում զետեղված կլինի արևմտահայերենի ամբողջ լեզվական պաշարը:

Վիկտոր Կատվալյանը տեղեկացրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ  շուտով լույս  կտեսնի «Մաշտոց» հայրենագիտական հանդեսը, որի նպատակը ևս արևմտահայերենի խնդիրների արծարծումն է: Լեզվի ինստիտուտի տնօրենը նշեց, որ ինստիտուտի կողմից լույս ընծայվող «Նոր բառեր» պրակներում տեղ են գտնում նաև արևմտահայերեն բառեր, որոնք վերցվում են արևմտահայ գրականությունից: Ինստիտուտի կայքը արդեն ունի արևմտահայերենին նվիրված բաժին, որտեղ ներկայացվում են լեզվի երկու ճյուղերում առկա այն զուգաձևությունները, որոնք հնարավոր է ներկայացնել որպես մեկ միասնական ձև:

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացուցիչ Զեփյուռ Խպլիկյանը արևմտահայերենի ուսուցման, տարածման և պահպանման գործում կարևորեց համացանցի հնարավորությունների օգտագործումը: «Լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, այն արժեք է, պատմություն է, մշակույթ է, լեզուն մենք ենք: Պետք է նոր ձևով խոսել նոր սերնդի հետ»,- նշեց Զեփյուռ Խպլիկյանը: Նա ներկայացրեց 2009 թվականից գործող Հայկական վիրտուալ համալսարանի գործունությունը, առցանց ծրագրերը, սեմինարներն ու թանգարանները և կարևորեց արևմտահայերեն կրթությունը՝ արդի միջոցների լայն կիրառմամբ:

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանն առաջարկեց արևմտահայերենի մասնագետներ պատրաստող մագիստրոսական ծրագիր ստեղծել, հայաստանյան արբանյակային հեռարձակմամբ արևմտահայերեն լուրեր հեռարձակել: Նույն ամբիոնի դասախոս Լալիկ Խաչատրյանը կարևորեց Հայաստանում արևմտահայերեն կրողների համար կրթական, մշակութային կառույցների հիմնումը:

Արևմտահայերենի և արևելահայերենի մասին հավասարապես հոգ տանելու և դպրոցական ծրագրերում արևմտահայերենի դասաժամեր ունենալու առաջարկներով հանդես եկան նաև լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն ու  Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիայի ներկայացուցիչ Կարինե Հայրապետյանը:

Քննարկումն ամփոփեց  Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա անդրադարձավ դասական սփյուռքում արևմտահայերենի պահպանման, լեզվի երկու ճյուղերին անաղարտության խնդիրներին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am