Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին

Armenpress 12:51, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին մասնակցել է հանրապետության ոստիկանության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության աշխատանքը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին օպերատիվ ծառայողական գործունեություն իրականացնելու ընթացքում ոստիկանությունից եւս պահանջվելու է ամենօրյա քրտնաջան աշխատանք:

«Հանցավորության դեմ տարվող պայքարում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել օպերատիվ հնարավորությունների ընդլայնման եւ պրոֆիլակտիկ աշխատանքների ուժեղացման վրա՝ նախնական փուլում հանցագործությունների կանխարգելման ու չեզոքացման նպատակով»,- իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը, համոզմունք հայտնելով, որ ոստիկանության ղեկավարությունը եւ ողջ անձնակազմը պատրաստակամ են լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները, ինչի համար համակարգում առկա է համապատասխան ներուժ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am