1000х90.jpg (78 KB)

Ֆորումը քննարկել է համայնքների աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը

Armenpress 20:49, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում փետրվարի 20-ին կայացել է համայնքների դիմակայունությանը նվիրված (ԴԻՊԵԿՈ) ծրագրի 5-րդ շրջափուլի ներքո իրականացվող միջազգային ֆորում, որը կազմակերպվել է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ սերտ համագործակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ֆորումի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել ՀՀ մարզային կառույցների հետ քննարկել և վերլուծել աղետների ռիսկի կառավարման ոլորտում մարզերում իրականացվող քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից պետք է իրականացվի Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) բաղադրիչի ներառումը մարզային և համայնքային զարգացման ծրագրերում:

Ողջունելով ԴԻՊԵԿՈ ծրագրի 5-րդ շրջափուլի ներքո իրականացվող «Համայնքների դիմակայունության ֆորում»-ի մասնակիցներին՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է ծրագրի շրջանակներում առաջին նմանատիպ միջոցառման կազմակերպման և անցկացման կարևորությունը: «Մերօրյա մարտահրավերների պայմաններում բոլոր հնարավոր դերակատարները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համընդհանուր խնդիրների համակարգման, համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերի և փոխօգնության մեխանիզմների կազմակերպման նպատակով: Իմ կողմից համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել է «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը, որով համայնքներում սեփական ուժերով պետք է իրականացվեն վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործընթացներ»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ օժանդակելու գործընկեր երկրներին համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է համայնքների դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով, որ արտակարգ իրավիճակների նախարարության հետ կատարվել է հսկայական աշխատանք համայնքներում դիմակայունության խնդիրների բացահայտման և օրենսդրական դաշտը դրան համահունչ կատարելագործելու ուղղությամբ:

Ելույթ են ունեցել և համայնքների դիմակայունության վերաբերյալ իրենց մոտեցումները շարադրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասսին, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ֆորումի մասնակիցներին հորդորել է մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի տեսանկյունից մարզային և համայնքային ծրագրերի վերլուծությանը՝ նշելով նաև, որ համայնքների համար պետական սուբսիդավորումը պետք է դիտարկել նաև որպես աղետների դիմակայունության բարձրացման միջոց:

«Առանց աղետների ռիսկի նվազեցման հնարավոր չէ զարգանալ»,- հավելել է նախարարը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Ֆորումի ընթացքում քննարկվել են Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի, Կայուն զարգացման նպատակների և ԱՌԿ ազգային ռազմավարության համատեքստում համայնքների դիմակայունության բարձացման խնդիրները:

Մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին և զարգացման ծրագրերի պատասխանատուներին ներկայացվել են համայնքների դիմակայունության բարձրացման խնդիրները` Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի, Կայուն զարգացման նպատակների, ԱՌԿ ազգային ռազմավարության համատեքստում, սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականություններում ու ծրագրերում ԱՌԿ բաղադրիչի ներառման վերլուծության արդյունքները, ինչպես նաև՝ նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, որը նպաստում է տեղական և մարզային մակարդակներում ռիսկի արդյունավետ կառավարմանը:

Ֆորումի հիմնական նպատակն էր խթանել աղետների ռիսկի կառավարման գործընթացը համայնքային մակարդակում՝ դրանով իսկ նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am