ՀԱԿ-ն Ազատության հրապարակում արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում անցկացրեց

Armenpress 20:16, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Ազգային կոնգրես կուսակցությունն Ազատության հրապարակում արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում անցկացրեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսում ներկայացված էին արցախյան շարժման տարիներին տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքների ժամանակ արված լուսանկարները  և օգտագործված պաստառները:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ միջոցառման նպատակն է վերականգնել այն ոգին, որ կար 1988թ. Ազատության հրապարակում: «Փորձել ենք այնպես անել, որ մեր ժողովուրդը զգա, որ ինքն է այս երկրում հարց լուծողը, ինքն է անկախություն բերել, ինքն է հանրաքվեով երկիրն անկախացրել: Այս հրապարակի առավելություն եղել է ըմբոստ քաղաքացին, քաղաքացին, որը շարժման արդյունքում դարձավ առանց բարդույթի ապրող, չվախեցող մարդ: Այդ շարժման բոլոր մասնակիցների վախն այն ժամանակ չափվեց, դուրս եկավ, և այս հրապարակը իսկապես Օպերայի հրապարակից դարձավ Ազատության հրապարակ: Սա էր մեր մեծագույն արժեքը, շարժման արժեքը՝ առանց վախ, առանց կոմպլեքս, առանց բարդույթի ըմբոստ քաղաքացի: Այսօր փորձել ենք որքանով հնարավոր է ներկայացնել 1988թ. այստեղ տիրող ոգին»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված են այն լոզունգների և պաստառների բնօրինակները, որոնք օգտագործվել են 1988թ.-ին: «Փառք Աստծո, եղել են մարդիկ, ովքեր իրենց տան արխիվներում, իրենց կազմակերպություններում պահպանել են դրանք: Մենք մեծ մասը բերել ենք Երևանի պատմության թանգարանից, որը բարեխղճորեն հավաքել և պահել է շարժման ցուցանակները: Դուք կարող ենք անգամ տեսնել ցուցանակներ, որոնք լուսանկարները ևս ներկայացված են ցուցահանդեսում: Այսպիսով` մենք փորձել ենք հնարավորինս վերականգնել այն միջավայրը, որ կար այն ժամանակ»,- ասաց Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր այն լուսանկարիչներին, որոնց գործերը ներկայացված են ցուցահանդեսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am