Լևոն Ալթունյանը և Սերգեյ Կրաևոյը քննարկել են ՀՀ և ՌԴ առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները

Armenpress 18:48, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Կրաևոյի հետ։ Քննարկվել են երկու երկրի առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Սերգեյ Կրաևոյն ընդգծել է, որ ծանոթ է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող շրջադարձային բարեփոխումներին։

Լևոն Ալթունյանը համառոտակի ներկայացրել է իրականացվող ծրագրերի արդյունքները։

ՌԴ առողջապահության փոխնախարարը ծանոթացրել է իրենց առոջապահության ոլորտում մարզային կառավարման սկզբունքներին և բժշկական կազմակերպությունների կառավարման բարեփոխումներին։ Անդրադառնալով հանրային առողջապահական ծրագրերին` նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ծխախոտի դեմ արդյունավետ պայքարը հանգեցրել է ծխողների թվի նվազման։

Քննարկվել են նաև առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը, հանրային առողջապահական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, բուժման նորագույն մեթոդների ներդրմանը, շարունակական մասնագիտական զարգացմանը վերաբերող և այլ հարցեր։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am