Տարոն Մարգարյանը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին

Armenpress 15:16, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել կատարված աշխատանքների և նախատեսված ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին փետրվարի 20-ին ներկայացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները, քաղաքապետին զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի բարեկարգման, հանգստի գոտիների ստեղծման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, կանաչ տարածքների ու ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ: Որպես 2017թ. ձեռքբերում վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է համայնքային ծրագրերով ու մասնավոր հատվածի կողմից իրականացված մի շարք ծրագրեր, այդ թվում նաև այնպիսիք, որոնք կարևոր դերակատարում են ունեցել բնակիչներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացման հարցում: Մասնավորապես հարմարավետ պայմաններ են ապահովվել և նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով համալրվել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը, վերաբացվել է տարածաշրջանում միակ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքը, ինչպես նաև շահագործման է հանձնվել գերժամանակակից սարքավորումներով համալրված ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնը, ներկայումս էլ ընթացքի մեջ են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի երկու մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները:

 Ներկայացնելով 2018թ. համար նախատեսված անելիքները՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ տարեկան ծրագրերին զուգահեռ այս տարի ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ շարունակական քայլեր կձեռնարկվեն նաև աշխատակազմ-բնակիչ կապն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Ձեր կողմից սահմանված քաղաքացիների ընդունելության կազմակերպումն իսկապես արդյունավետ միջոց է՝ առավել մոտիկից ծանոթանալու բնակիչների խնդիրներին՝ դրանց տալով համապատասխան լուծումներ: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ վարչական շրջանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչման հարցում ցուցաբերվող մշտական աջակցության համար»,- նշել է Արթուր Ստեփանյանը:  

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գործարար միջավայրի բարելավման՝ Doing Business վարկանիշի բարձրացումը:

«Վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք իսկապես տնտեսական ակտիվություն են ապահովել վարչական շրջանում: Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ՝ առաջարկելով այնպիսի ուղղություններ, որոնք ևս պահանջված են բնակիչների կողմից  ու կարող են ներդրումային հետաքրքրություն առաջացնել նաև ներդրողների մոտ: Այդ նպատակին է ծառայում  նաև մեր կողմից տարվող հստակ քաղաքականությունը, որն ուղղված է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանը», -  ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով բնակիչների հետ մշտական կապի ապահովմանը՝ Երևանի քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական՝ քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին համապատասխան լուծումներ տալու հարցում:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները պետք է վստահ լինեն, որ դիմելով վարչական շրջանի աշխատակազմ՝ կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն ու, ըստ այդմ, համապատասխան աջակցություն՝ հնարավոր խնդիրների լուծման հարցում: Նման աշխատաոճի արդյունքում բնակիչն, անշուշտ, համոզված կլինի, որ ի դեմս վարչական շրջանի աշխատակազմի՝ ունի իրեն հուզող խնդիրների լուծմանն ու աջակցմանը պատրաստ օղակ, ինչն իր հերթին մեր համաքաղաքացուն կդարձնի մեր լավագույն գործընկերն ու աջակիցը: Ի վերջո, Երևանի զարգացման հնգամյա ծրագիրն է մեր աշխատանքային ուղենիշը, որը կազմվել է հենց մեր համաքաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները հաշվի առնելով, ու ես վստահ եմ, որ մեր թիմը ունի՛ բավարար ներուժ, կամք և վճռականություն՝ այն լիարժեք կյանքի կոչելու համար»,- ընդգծել է քաղաքապետը:   

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել գրանցած ձեռքբերումներով ու հաջողություններով և անել հնարավորը՝ դրանք ամրապնդելու և ավելացնելու ուղղությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am