Սեր, պատերազմ, ազատություն.  ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին

Armenpress 13:32, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը, ում՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել էր լավագույն վավերագրական ֆիլմ,  պատրաստվում է նկարահանել ֆիլմ Արցախի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ հույս ունի ֆիլմը հանդիսատեսին ներկայացնել մինչ 2019 թվականի ավարտը: 

«Այն խաղարկային ֆիլմ է սիրո, պատերազմի եւ ազատության մասին: Այս պահին նախագծի համար փնտրում եմ ֆինանսավորում եւ՛ Հայաստանում, եւ՛ Ֆրանսիայում: Նախորդ տարի ես պատիվ ունեի ներկայացնելու Արցախի ժողովրդի մասին պատմող «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմ: Ես շատ տպավորված էի նրանց ուժով, կենսուրախությամբ: Չնայած անկայուն իրավիճակին եւ անցյալի վերքերին՝  նրանք հպարտ են մնում: Ես շատ տպավորված էի այնտեղ ապրող բոլոր սերունդների ներկայացուցիչների կյանքի դինամիզմով եւ ժամանակակից մտածելակերպով: Հենց այս բոլոր պատճառներով ես որոշեցի նկարահանել այս ֆիլմը, որը կրում է «Արցախ» աշխատանքային խորագիրը»,-ասաց ֆրանսահայ ռեժիսորը:

Ֆիլմում ներկայացված են լինելու մի քանի հերոսների պատմություններ, որոնց միջոցով, ըստ ռեժիսորի, ինքը կկարողանա անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են համերաշխությունը, մարդասիրությունը, հայրենասիրությունը, բարեկամությունը, մշակութային ժառանգությունը, վիշտը:

«Այն համընդհանուր ֆիլմ կլինի եզակի երկրի մասին: Ես ցանկանում եմ վերամիավորել հայտնի հայ դերասաններին, ներգրավել ոչ պրոֆեսիոնալ մարդկանց Արցախից: Ես ուզում եմ ցուցադրել «Արցախ»-ը միջազգային փառատոններում, կինոթատրոններում եւ հեռուստաընկերություններում: Որպես ֆրանսահայ ռեժիսոր՝ իմ պարտականությունն է ներկայացնել Արցախը միջազգային հանրությանը»,-եզրափակեց նա: 

Առնո Խայաջանյանը ծնվել է 1987 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Ավարտել է Սորբոնի համալսարանի կինոյի բաժինը, հետաքրքրված է խաղարկային, վավերագրական ֆիլմերի և տեսահոլովակների նախագծերով: Նրա ստեղծագործական աշխարհում մեծ տեղ են գրավում ինքնության, բնապատկերի և հուշերի  մասին թեմաները: Կինոռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ: Այն պատմում է Անատոլիայում կատարած մի շրջագայության մասին: Առնո Խայաջանյանը սկսում է ճամփորդել Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում: Սկսելով մի գեղանկարից, պատահական հանդիպումներից և իր հարազատների մասին պատմություններից՝ նա բացահայտում է այն բոլոր անհայտ բարեպաշտների գործերը, ովքեր 1915-ին կյանքեր են փրկել:

Առնո Խայաջանյանը նկարահանել է «Վատ աղջիկ», «Արշակ», «Կորած հորիզոններ», «Անջրդի ուղիներ» ֆիլմերը:

Սյուզի Մուրադյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am