Խաչատրյանի Ջութակի կոնցերտը Չապլինի ամենասիրած ստեղծագործություններից մեկն է եղել

Armenpress 12:04, 20 Փետրվար, 2018

 ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանը բազմիցս հանդիպումներ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող անձանց հետ: «Արմենպրես»-ն այս անգամ առանձնացրել է նշանավոր կատակերգու, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի դեմքերից մեկի` Չարլի Չապլինի հետ կայացած հանդիպումը:

Կինոդերասանի հետ հանդիպումը կայացել է Խաչատրյանի` Շվեյցարիա այցելության ժամանակ` 1965-ին, երբ նա հրավիրված է եղել այդ երկիր` որպես միջազգային մրցույթի ժյուրիի անդամ: Արդեն պատկառելի տարիքի Չապլինն այդ ժամանակ ապրել է փոքր-ինչ մեկուսացած, Ժնևից դուրս գտնվող իր առանձնատանը և շատ հազվադեպ է ընդունել հյուրերի: Մաեստրոն ինքն էր ցանկություն հայտնել տեսնել կինոդերասանին: Եվ Չապլինը  մաեստրոյին իր կնոջ և որդու՝ Կարենի հետ սիրով հյուրընկալել է իր առանձնատանը:

Նրանք մի քանի ժամ տևողությամբ զրույց են ունեցել: Չապլինը կոմպոզիտորին հրավիրել է իր առանձնասենյակ, բացել պահարաններից մեկը, որտեղ դրված է եղել Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ձայնապնակը և ասել, որ այն իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է, որն հաճախ է լսում աշխատելիս: Ինչպես հայտնի է` Չապլինի ֆիլմերում էլ հաճախ հնչել են հենց իր ստեղծած մեղեդիները: Մեծ կատակերգակը փորձել է մոտենալ դաշնամուրին և ներկայացնել իր ստեղծագործություններից մի փոքր հատված: Այնուամենայնիվ, վերջին պահին չի համարձակվել՝ ասելով, որ հուզված է և չի կարող մեծ մաեստրոյի մոտ հնչեցնել իր երաժշտությունը:

Շրջագայության ավարտին կոմպոզիտորին առողջական խնդիրների պատճառով տեղափոխել են հիվանդանոց: Չապլինը, լսելով այդ մասին, փոքրիկ երկտող է ուղարկել` մաղթելով շուտափույթ ապաքինում և նաև վարդերի մի գեղեցիկ ծաղկեփունջ: Կարևորելով մեծ կատակերգուին և հետևապես նրա նվերը՝ Խաչատրյանն այդ ծաղկեփունջը բերել է Մոսկվայի իր տուն և դրել ռոյալի վրա՝ իր աչքի առջև: Եվ մինչ կյանքի վերջը չորացած այդ ծաղկեփունջը մնացել է ռոյալի վրա: Մինչ այսօր այդ ծաղկեփունջը Խաչատրյանի որդին պահում է իր բնակարանում որպես հանդիպման հուշ:

Խաչատրյան-Չապլին նշանավոր հանդիպման մասին են վկայում հետաքրքիր լուսանկարները, որոնք պահպանվում են մեծ մաեստրոյի տուն-թանգարանի պահոցում, իսկ որոշներն  էլ ներկայացված են ցուցասրահներում:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Ա.Խաչատրյանը 1965 թ. կինոդերասանուհի Սոֆի Լորենի և կինոռեժիսոր Գ.Ալեքսանդրովի հետ Մոսկվայում միջազգային կինոփառատոնի ժամանակ:

Կոմպոզիտորը կինոդերասանուհի Ջ. Լոլոբրիջիդայի հետ Մոսկվայում 1976-ին: Լուսանկարվել են կիոդերասանուհու խնդրանքով, վերջինիս լուսանկարչական խցիկով, քանի որ Լոլոբրիջիդան ցանկացել է  անվանի մարդկանց հետ լուսանկարների շարք ստեղծել:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am