Գյումրին փոխըմբռնման հուշագիր է ստորագրելու իսրայելական առեւտրի պալատի հետ

Armenpress 20:44, 19 Փետրվար, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին փոխըմբռնման հուշագիր է ստորագրելու իսրայելական առեւտրի պալատի հետ: Հուշագիրը հետագայում նախատեսում է իսրայելական ավելի քան 30 ընկերությունների մուտքը Գյումրի:

Այդ նպատակով Գյումրու քաղաքապետին առեւտրի պալատը դիմել է՝ խնդրելով հատկացնել 350 հեկտար հողամաս, նախատեսվում է ստեղծել 10 հազար աշխատատեղ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 19-ին կայացած Գյումրու ավագանու հերթական նիստի ավարտին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրու քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ մարտ-ապրիլ ամիսներին մեկնարկելու է 23,8 մլն եվրո արժողությամբ ծրագրի շինարարական փուլը:

Այս աշխատանքները վերահսկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել վերահսկիչ հանձնաժողով՝ աշխատանքների ընթացքին հետևելու համար: Իսկ մինչ այս հայտարարություններին անդրադառնալը, Գյումրու ավագանին քննարկեց և ընդունեց օրակարգային 23 հարց այդ թվում՝ համայնքային ազատ միջոցներից բնակարան ձեռք բերելու, մանկապարտեզների վարձավճարների զեղչման, փողոցների բարեկարգման ուղղությամբ գումարներ հատկացնելու մասին:

Ավագանին նաև հաստատեց սոցիալապես 150 անձանց դրամական օգնություն տալու, մարտի 8-ի առթիվ դրամական միջոցներ հատկացնելու, 11 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դրամական հատկացում կատարելու մասին և այլ որոշումները: Ավագանու հաջորդ նիստը կկայանա մարտի 19-ին:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am