Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը լույս են տեսել նոր և գունագեղ նկարազարդումներով

Armenpress 18:58, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Մի կաթիլ մեղրը», «Գառնիկ Ախպէր», «Անհաղթ աքլորը» և այլ սիրված հեքիաթները մեկտեղվել են Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուում, որը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքի շնորհանդեսն անցկացվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում:

«Գրքում ներառված հեքիաթները լույս են տեսել 1908-1912 թվականներին առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք` պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը: Նա հավելեց` փորձել են անել ամեն բան, որ այն հետաքրքրի ժամանակակից փոքրիկ ընթերցողներին:

Շնորհանդեսից հետո երեխաների համար գրքի ընթերցումներ ու մուլտֆիլմերի դիտում կազմակերպվեց:

Արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am