Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Armenpress 17:45, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել ռազմավարական դաշնակից երկու երկրների հատուկ ծառայությունների միջև սերտ համագործակցությունը, ընդգծելով, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում առաջանում են ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր սպառնալիքներ, և երկու դեպքում էլ, Նախագահի համոզմամբ, անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում, իրավիճակի գնահատում, մշտական ակտիվ փոխգործակցություն հատուկ ծառայությունների միջև, որը կօգնի ավելի արագ և արդյունավետ հակազդել սպառնալիքներին: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են և առանձնանում ակտիվ ու բարձր մակարդակի համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և ռազմատեխնիկական, հումանիտար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ու արտաքին քաղաքական գործունեության մեջ: Նախագահը հույս է հայտնել, որ Սերգեյ Նարիշկինի այցը նոր խթան կհաղորդի հայ գործընկերների հետ մասնագիտական ոլորտում համագործակցության առավել ամրապնդմանը: ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ենթադրում են սերտ կապեր և գործընկերային հարաբերություններ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հատուկ ծառայությունների միջև: Սերգեյ Նարիշկինը վստահեցրել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ իր ղեկավարած ծառայության համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա և հանդիպման ժամանակ ներկայացրել է ըստ առանձնին ուղղությունների երկու կառույցների միջև ընթացիկ համագործակցությունն ու հետագա ծրագրերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am